Ում հետ ենք առևտուր անում

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է կրճատվել։ Պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է տարվա առաջին 10 ամիսների ցուցանիշները։ Այդ ամփոփ ցուցանիշներին արդեն հասցրել ենք անդրադառնալ, ամեն դեպքում, մինչև առաջ անցնելը, մեկ անգամ ևս հիշեցնենք։

Այսպես, ՀՀ արտաքին առևտրի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է շուրջ 3,9 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտավորապես 4,9 մլրդ-ի դիմաց։ Այդ թվում, արտահանման ծավալը նվազել է 2,8%-ով և կազմել 1 մլրդ 223,4 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 26,6%-ով և կազմել 2 մլրդ 677,5 միլիոն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015թ. հունվար-հոկտեմբերին եղել է 1 մլրդ 454 մլն դոլար։

Իհարկե, տարվա ավարտին դեռ 2 ամիս ժամանակ կա (վիճակագրական տվյալների ներկայացման առումով), սակայն արդեն իսկ կարող ենք ասել, որ արտաքին առևտրի ոլորտում տարին փակելու ենք մինուսով։

Իսկ ո՞ր երկրների հետ է մեր առևտուրն ավելի շատ նվազել։ Կարելի է ասել` ճնշող մեծամասնության։ Այսպես, ԱՎԾ-ի կողմից ներկայացված 41 հիմնական առևտրային գործընկեր երկրներից 33-ի դեպքում ունենք արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատում։

Բնականաբար, մեզ առաջին հերթին` հետաքրքրում է, թե ինչ վիճակում են ԵՏՄ անդամների հետ մեր գործերը։ Այնքան էլ լավ չեն։
Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 14.8%-ով և կազմել 989.6 միլիոն դոլար։ Չնայած այս հանգամանքին` Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում ավելացել է 1.7 տոկոսային կետով` 23.7%-ից հասնելով 25.4%-ի։

Դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 30%-ով և 180 միլիոն դոլարից էլ քիչ է եղել։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նույնպես անկում է ունեցել, սակայն ավելի քիչ չափով` ըստ առևտուր անող երկրի` ՌԴ-ից ներմուծումը նվազել է 13.1%-ով և կազմել 556 միլիոն դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի` 10.7%-ով, և կազմել 810.5 մլն դոլար։ Արդյունքում` ՌԴ-ի հետ մեր արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 653.8 մլն դոլար։

Բելառուսի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճահտվել է 19.5%-ով և կազմել 26 միլիոն դոլար (բացասական սալդոն` 17.3 մլն դոլար)։ Ղազախստանի հետ անկումն ավելի խորն է` 23.4%։ Առևտրաշրջանառության ծավալը կազմել է ընդամենը 4.5 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ, ԵՏՄ երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառության ծավալը` իր տեսակարար կշռով ընդհանուրի մեջ, կազմել է 26.2%։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին այդ ցուցանիշը 24.5% էր։

12315171_648760688598218_1248721419_o

Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 998.6 մլն դոլար։ Ընդհանուրի մեջ ԵՄ երկրների բաժինը կազմում է 25.6%։
Եվրամիության երկրների հետ այս տարվա հունվար-հոկտեմբերին ունեցել ենք 998.6 միլիոն դոլարի առևտուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 24.3%-ով։ Ուշագրավ է, որ դեպի եվրոպական երկրներ արտահանման ծավալները գրեթե անփոփոխ են մնացել (ընդամենը 0.9% անկում) և կազմել են 368.6 մլն դոլար։ Իսկ ներմուծումը նվազել է` ըստ առևտուր անող երկրի` 28.2%-ով (ծավալը` 675.2 մլն դոլար), իսկ ըստ ծագման երկրի` 33.5%-ով (ծավալը` շուրջ 630 մլն դոլար)։ Եվրոպական երկրներից մեր ամենախոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Գերմանիան, որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 7.3%-ը (շուրջ 284 միլիոն դոլար), երկրորդ տեղում Իտալիան է` 4.2% (162 մլն դոլար), երրորդում` Բուլղարիան և Բելգիան` 2.1-ական տոկոս կամ շուրջ 82 մլն դոլար։

Կարծում ենք` ընթերցողին հետաքրքիր կլինի նաև այն, թե ինչ ծավալի առևտուր ունենք Թուրքիայի հետ, հատկապես` վերջին իրադարձություններից հետո։
Փակ սահմանները չեն խանգարել, որ այս երկրի հետ 2015-ի հունվար-հոկտեմբերին ունենանք 112 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն։ Դա մեր ընդհանուր առևտրի ծավալի 2.9%-ն է, ինչն ամենևին քիչ չէ։

Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Թուրքիայի հետ առևտուրը նվազել է շուրջ 40%-ով։ Ընդ որում, Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է շուրջ 20%-ով, սակայն այն ծիծաղելի փոքր թիվ է` ընդամենը 1.3 միլիոն դոլար։ Իսկ ներմուծման ծավալը` ըստ առևտուր անող երկրի` նվազել է 24.4%-ով և կազմել 74 մլն դոլար, ըստ ծագման երկրի` 40.9%-ով և կազմել 187.4 մլն դոլար։ Սա նշանակում է, որ մենք թուրքական ծագման ապրանքներ ենք սպառում` դրանք հիմնականում գնելով երրորդ երկրներից։ Ավելացնենք նաև, որ Թուրքիայի հետ մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է` 109 մլն դոլարի չափով։

Նշենք նաև, որ ըստ առանձին երկրների` մեր երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո Չինաստանն է։ Այս երկրին բաժին է ընկնում մեր արտաքին առևտրի 10.3%-ը կամ շուրջ 400 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ` Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 16%-ով։ Իսկ բացասական հաշվեկշիռն այդ երկրի հետ 109 մլն ԱՄՆ դոլար է։

Տեսանյութեր

Լրահոս