Ռուս-բելառուսական խաղ՝ ընդդեմ Հայաստանի

Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են սահմանադրական փոփոխություններով, «այո»-ի ու «ոչ»-ի քարոզչությամբ, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց մեջ բավական մեծ վտանգներ են պարունակում երկրի համար: Խոսքը միայն ռուս-թուրքական առճակատման մասին չէ: Ռուս-թուրքական այդ առճակատման ֆոնին՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշակիորեն մղվել են երկրորդ պլան, սակայն տևական ժամանակ դրանցում արձանագրված ջերմացման միտումները շարունակվում են: Առայժմ՝ անուղղակիորեն:

Ի՞նչ է այս փուլում ցանկանում Ռուսաստանն Ադրբեջանից, հայտնի է. անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչ է ցանկանում դրա դիմաց Ադրբեջանը, նույնպես հայտնի է. ազատագրված տարածքներ և Լեռնային Ղարաբաղ: Գրեթե հայտնի է նաև, որ Ռուսաստանը, ըստ էության, պատրաստ է «վճարել» այդ գինը, և արդեն երկու ամիս է՝ ռուսական քարոզչությունը զբաղված է դրա համար «հող նախապատրաստելով»:

Ահա այս պայմաններում նախօրեին բավական ուշագրավ հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Բելառուսը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանի շահերի առաջխաղմանը: Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի բարեկամն ու գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք անկեղծորեն ու բացահայտորեն աջակցել ԵՏՄ-ում ձեր շահերի առաջխաղացմանը»,- հայտարարել է Բատկան՝ պաշտոնական այցով Մինսկում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական ի՞նչ շահերի մասին կարող է խոսք լինել մի կառույցում, որին Ադրբեջանը չի անդամակցում: Ավելին, այդ կառույցի անդամներից մեկն Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի շահերը տրամագծորեն հակադիր են, առնվազն՝ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այսինքն՝ պաշտպանել Ադրբեջանի շահերը կամ աջակցել դրանց առաջխաղացմանը՝ նշանակում է՝ ոտնահարել Հայաստանի շահերը: Սա է Լուկաշենկոյի հայտարարության իմաստը: Բայց մյուս՝ ավելի երկարաժամկետ իմաստն այն է, որ Լուկաշենկոն Ադրբեջանին վերաբերվում է՝ որպես ԵՏՄ-ի պոտենցիալ անդամ, որպես պետություն, որին այդ կառույցում ցանկանում է տեսնել Ռուսաստանը: Այս խաղի իմաստն այն է, որ Ռուսաստանն իր լծակներով փորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ազատագրված տարածքների վերադարձման նպատակով, Բելառուսն էլ Ադրբեջանի շահերը պաշտպանի ԵՏՄ-ում՝ մինչև վերջինիս լիակատար անդամակցությունը: Իսկ ԵՏՄ-ում, բացի Բելառուսից, Ադրբեջանի շահերը ոչ թե ուղղակի, այլ առանձնակի հոգատարությամբ սպասարկող ևս մեկ երկիր կա՝ Ղազախստանը, որի նախագահը խրոխտ առոգանությամբ ժամանակին՝ ԵՏՄ ղեկավարների գագաթաժողովին, ընթերցում էր Իլհամ Ալիևի նամակը:

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանը շատ է պետք Ռուսաստանին, և վերջինիս այդ գործում կարող է օգնել և օգնում է Բելառուսը: Իրականում այնպես չէ, որ Հայաստանը Ռուսաստանին պետք չէ, ճիշտ հակառակը՝ Հայաստանը, հատկապես ռուս-թուրքական առճակատման համատեքստում, Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի: Պարզապես, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը Ռուսաստանին տրվել է անմնացորդ ու անհագուրդ կերպով, ու ռուսները Հայաստանից ինչ-որ բան ստանալու համար ջանք թափելու անհրաժեշտություն չունեն:

Տեսանյութեր

Լրահոս