ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ
Անցած շաբաթ ԱԱԾ-ի կողմից հանցավոր խմբավորման վնասազերծումն ու ռուս-թուրքական առճակատումը երկրորդական պլան մղեցին մի իրադարձություն, որը, սենսացիոն լինելով հանդերձ, վկայում էր Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող լրջագույն վերափոխումների մասին: Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նույնքան տխրահռչակ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, դաշնակցական Մարտուն Մաթևոսյանի օգնականի համեստ պաշտոնում: Պաշտոնը, իհարկե, համեստ է, սակայն խնդիրը ոչ թե պաշտոնի բարձր կամ ցածր լինելն է, այլ երևույթն ինքնին:
«Ինքնապաշտպանությամբ» մարդ սպանած և կրկին այդ մոտիվներով մեկ այլ մարդու աչքից զրկած սույն երիտասարդն այսպիսով մուտք է գործում պետական կառավարման համակարգ: Այն նույն համակարգ, որի մեկ այլ՝ խոշորագույն ենթահամակարգը, իրավապահ համակարգն ամեն ինչ արել ու անում է, որպեսզի էլիտար այս որդին ոչ միայն կարողանա ծանր հանցագործություններ կատարել, այլև հնարավորություն ունենա դրանք կատարելուց հետո «ծառայել հայրենիքին»: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ոչ թե որևէ «հարազատ ՀՀԿ-ականի», այլ «սկզբունքային ընդդիմադիր» ՀՅԴ-ականի օգնականի պաշտոնում: Սա շատ խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս ՀՅԴ-ի «հարազատացումը» Հանրապետականի հետ:
Ընդ որում, սա շատ ավելի խորքային «հարազատացում» է, քան, ասենք, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, ինչի մասին դաշնակները երազում են արդեն մի քանի տարի: Տիգրան Խաչատրյանին օգնական դարձնելով` ՀՅԴ-ն ամբողջովին ինտեգրվում է ՀՀԿ-ի արժեքային, գաղափարական համակարգին, որովհետև Մարտուն Մաթևոսյանի օգնական է դառնում ոչ թե որևէ շարքային մարզպետի շարքային որդի, այլ անձամբ Սուրեն Խաչատրյանի ասպետ զավակը, ով մարմնավորում է իշխող քաղաքական ուժի ողջ գաղափարական ու արժեքային կոլորիտը՝ անպատժելիություն, սանձարձակություն, անօրինականություն… իսկական պետական պաշտոնյա, մի խոսքով: Տիգրան Խաչատրյանի նշանակումը Մարտուն Մաթևոսյանի օգնականի պաշտոնում իրականում խորհրդանշում է նաև ՀՅԴ-ի՝ որպես կուսակցության, վախճանը:
Ու եթե դաշնակցականները մազաչափ ազնվություն ունենային, նրանք Տիգրան Խաչատրյանի՝ պետական ծառայողի վկայականի ստացման օրն իսկ պետք է վառեին սեփական կուսակցական անդամատոմսերն ու շտապեին Մելիք-Ադամյան՝ ՀՀԿ-ի տոմսեր ու կրծքանշաններ ստանալու համար: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իրականացավ հարյուրեսիմքանիամյա ՀՅԴ-ի երազանքը՝ կուսակցությունը միաձուլվեց ՀՀԿ-ին. ոչ թե դաշնակցականներին ընդունեցին կոալիցիա, այլ իշխանության սիմվոլին ընդունեցին ՀՅԴ-ականի մոտ աշխատանքի:
Սա կոալիցիա է ոչ թե՝ ժամանակավոր հիմունքներով, այլ՝ առհավետ: Սա, կրկնում ենք, շատ ավելին է, քան կոալիցիան ու մի քանի նախարարական պաշտոնը: Սուրեն Խաչատրյանը, հուսանք, այնքան առատաձեռն կգտնվի, որ ամսական Դաշնակցությանը կփոխանցի այնքան գումար, որքան ՀՅԴ-ն կարող էր ստանալ 3-4 նախարար ու մարզպետ ունենալուց: Միանգամայն ազնիվ ճանապարհով, բնականաբար: