Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է մտնել ղարաբաղյան ճակատից. «Կոմերսանտ»

«Կոմերսանտը» ծավալուն հոդված է պատրաստել ռուս-թուրքական վերջին օրերի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում դիտարկումներ կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվելիք իրավիճակի վերաբերյալ:

Լրագրող Օլգա Կուզնեցովան «Թուրքիան պատրաստվում է մտնել ղարաբաղյան ճակատից» խորագրով հոդվածում գրում է, թե Անկարան եղանակներ է որոնում Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներին ու քաղաքական միջոցառումներին պատասխանելու համար:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ մասնակի կրճատումներով:

«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը, որը թեժացավ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո, նախօրեին շարունակել է մեծ թափ հավաքել: Երկու երկրների ղեկավարները իրար փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել: Հայտարարելով, թե Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից՝ Թուրքիայի նախագահը քննադատեց ՌԴ իշխանություններին Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու համար: Դրա հետ միասին, Թուրքիայի ղեկավարությունում հասկացրին, որ անպատասխան չեն թողնի ոչ այդ քայլը, ոչ Մոսկվայում հնչող կոչերը՝ քրեական պատասխանատվություն սահմանել Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Կարդացեք նաև

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փաստացի նոր ճակատ բացեց Ռուսաստանի ու նրա դաշնակից Հայաստանի դեմ պայքարում. նա խոստացավ «անել  հնարավոր ամեն բան, որ ազատագրի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գտնվում է Բաքվում, որտեղ ուրբաթ բանակցություններ կանցկացնի այդ երկրի ղեկավարության հետ:

Հինգշաբթի Մոսկվայի ու Անկարայի միջև կոնֆլիկտն անսպասելի շրջադարձ ունեցավ, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ Հայոց ցեղասպանության հարցը փորձաքար դարձավ ռուս-թուրքական հարաբերությունների համար, երբ 2015թ. ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղևորվեց Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

Մոսկվային բողոք հայտնելով նման բարձր մակարդակով ներկայության համար՝ Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես սառեցրին դիվանագիտական համագործակցությունը:

Նշվում է, որ Չավուշօղլուի՝ Բաքու կատարելիք այցին «տոն է տվել» Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ «փաստացի նոր ճակատ բացելով Ռուսաստանի դեմ պայքարում»:

«Թուրքիան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն»,- հայտարարել է Դավութօղլուն՝ դրանով իսկ հնչեցնելով Անկարայի մտադրությունը՝ միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նշվում է, որ հաշվի առնելով Անկարայի ու Երևանի միջև բարդ հարաբերությունները՝ Մոսկվայում դժվարությամբ կարող են պատկերացնել Թուրքիայի անկանխակալ վերաբերմունքն այդ չափազանց նուրբ հարցում:

Նախօրեին Մոսկվան ու Անկարան նոր կոշտ հայտարարություններ են հնչեցրել միմյանց հասցեին:

Ռեջեփ Էրդողանը, ում մինչև վերջերս ռուս նախագահի հետ կապում էին ջերմ անձնական հարաբերություններ, վերջնականապես հասկացրեց, որ չի ձգտում դրանք պահպանել:

Ժամանակին՝ Սիրիայի հակամարտության առաջին փուլում, Էրդողանը նման կերպ գնաց ընկերական շփումների խզման նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ում հետ մինչ պատերազմը փաստացի ընտանիքներով մտերիմ էին:

Ըստ «Կոմերսանտի»՝ Էրդողանի հայտարարություններն այսօր ցուցադրում են, որ նման իրադարձություններ կարող են զարգանալ նաև Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններում:

Երեկ, ի դեպ, ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր, թե ռուսական ինքնաթիռի հետ դեպքից հետո ինքը փորձել է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն Կրեմլը մերժել է իրեն հեռախոսազրույցում:

Դրա հետ միասին, Թուրքիան ձգտում է պահպանել Մոսկվայի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը: «Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցություն ու մենք պատճառ չունենք Ռուսաստանին թիրախի տակ վերցնելու»,- հավաստիացրել էր Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս