«Ինչպես երկիրն է յոլա գնում, այդպես էլ ամեն մեկի առջև յոլա գնալու խնդիր է դրված»
Մեր զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
– ԱՎԾ-ի՝ Հայաստանում աղքատության մակարդակի զեկույցի համաձայն` ՀՀ-ում աղքատ բնակչության թիվը 2014-ին 2013թ. համեմատ` նվազել է 2 %-ով և կազմել 30%: Ըստ Ձեզ` իրականում աղքատության մակարդակի նվազում կա՞ ՀՀ-ում: Ի դեպ, ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանն էլ հայտարարում է, որ աղքատությունը հարաբերական մեծություն է այնպես, ինչպես հարաբերական է հարստությունը:
– Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե մարդիկ էլ են հարաբերական՝ մեկն ապրում է, մյուսը թաղված է: Այդ հարաբերականությունը դրա համար է նշում, որ աղքատության մակարդակը կախված է նրանից, թե ինչ մեթոդոլոգիայով են հաշվում: Ավելի կարևոր հարց է, թե ինչո՞ւ է աղքատության վերին գիծ սահմանվել 40 հազար 264 դրամը, դա ի՞նչ չափանիշ է, ինչո՞ւ նվազագույն աշխատավարձը չէ, ինչո՞ւ սպառողական զամբյուղը չէ, ինչո՞ւ նվազագույն պարենային զամբյուղը չէ: Եթե այդ հիմնավորումները տային, գուցե պարզ լիներ: Նույն ձևով միջազգային հաշվարկներում աղքատությունը հաշվելու համար սպառումն օրական 1.25 դոլար է եղել, հիմա դարձել է օրական 1.9 դոլար: Ինչո՞ւ դա չի ընդունվել:
Այդ տրված հիմնավորումն ինձ թույլ է տալիս պնդել, որ ոչ թե աղքատությունն օբյեկտիվ չափելու խնդիր է դրված եղել, այլ ուղղակի խնդիր է դրված եղել` ցույց տալ, որ աղքատությունը նվազում է: Նույն կերպ խնդիր է դրված ասել, որ գյուղատնտեսությունն աճել է 11% կամ 13%, որովհետև գյուղատնտեսության այդ աճն ապահովում է ընդհանուր տնտեսական աճի 3.5%-ը, որովհետև գյուղատնտեսության մեջ ոչ ոք չի հաշվել դա, այսօր չեն էլ փորձում դա անել, ընդամենը հիմնվում են տեղական կառավարման մարմինների, գյուղապետերի ինֆորմացիայի վրա, իսկ գյուղապետերին էլ զանգում-ասում են` նախորդ տարվա ցուցանիշը 5-10%-ով ավելի ցույց տվեք: Նույնն էլ սա է:
Աղքատության ցուցանիշն ավելի շատ` քաղաքական, քան` տնտեսական նշանակություն ունի, այլապես համոզված եղեք, որ հաշվարկելուց այդ մեթոդոլոգիան գոնե ներկայացնելուց ընկալելի և բացատրելի կլիներ, և պատկերն այլ կլիներ: Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. այդ նույն մեթոդոլոգիայի մեջ ինչքանո՞վ են հաշվի առնվում մարդկանց իրական եկամուտները կամ սպառումը: Խնդիրն իրական թվերն ունենալն է:
Այսինքն՝ եկամուտների մեջ տրանսֆերտները հաշվարկո՞ւմ են, թե՞ ոչ, կամ սպառման ծավալների մեջ տեղ տալի՞ս են, որ մեր երկամուտների զգալի մասը ծախսվում է սննդամթերքի վրա և ծառայությունների կամ հանգստի, զվարճանքի, երկարաժամկետ ապրանքների վրա չի ծախսվում: Այս խնդիրն է: Նաև իրենք` որպես չափանիշ են ընդունում սպառման ծավալները, և դրա մեջ մի այնպիսի ապրանք են ընդգրկում, որի գինն ընկել է, կամ ՀՀ-ում անգամ չկա, բայց դա նպաստում է ցուցանիշի նվազմանը, որովհետև ավելի էժան է, քան այլ ապրանք կամ ծառայություն, և արդյունքում` աղքատության թվի շեմը կարող է լինել ոչ թե 40 հազար 264 դրամ, այլ վերցնեն 35 հազար դրամ:
Այսինքն` ի՞նչ սկզբունքից, ի՞նչ մեթոդոլոգիայով է կատարվել հաշվարկը: Անհրաժեշտության դեպքում կարող են իրական պատկերը խաթարել, շատ կամ քիչ ցույց տալ: Այնպես որ, ես համոզված եմ, որ սա քաղաքական և, ոչ թե` տնտեսական ցուցանիշ է: Իսկ երբ քաղաքական ցուցանիշ է, մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունը շատ մեծ է, և դրանից էլ օգտվել են: Հակառակ դեպքում մեր իրական կյանքում մենք շատ լավ հասկանում ենք, որ 2014-ն այդքան հաջող տարի չի եղել, որ մենք կարողանայինք աղքատության հաղթահարման խնդիրը լուծած լինել, և ոչ ավելի, ոչ պակաս, միանգամից 2%-ով: Դեռ կտեսնենք, թե 2015թ. ինչ են ասելու, կարող է այդ ժամանակ էլ մի թիվ նկարեն և ասեն` եկանք-հասանք 2008-ի 27.5%-ին:
– Ամեն դեպքում, ՀՀ-ում 900 հազար մարդ աղքատ է` ըստ այդ զեկույցի:
– Իրականում այդ թիվն ընդունելի չէ, նույնիսկ 30%, նույնիսկ 25%: Այս ամբողջ տնտեսական աճը և իրականացվող քաղաքականությունն ինչի՞ն է ուղղված եղել: Այստեղ մի այլ ճշմարտություն կա, որի մասին պետք է խոսել` 2013 և 2014 թվերը համեմատելիս` տեսնում ենք, որ հարուստները շատ ավելի հարստացել են, աղքատները` շատ ավելի աղքատացել: Սա համաշխարհային խնդիր է, բայց ՀՀ-ում առավել ևս ընդգծված է, որովհետև տոկոսային հարաբերությամբ գոնե այդ թիվը նվազելու միտում ունի, այսինքն` հարուստների տոկոսային քանակությունն էլ է նվազում, եթե 20 կամ 15 էին, հիմա 10 կամ 8 են դառնում, իսկ աղքատներն էլ համապատասխան ձևով ավելանում են: Բայց միջին խավ չկա, և վտանգավորությունը դա է: Եթե միջին խավ լիներ, որը կդառնար հարուստ, ինչպես սովորաբար լինում է նորմալ երկրներում, դա ուրիշ է, բայց մեզ մոտ միջին խավ էլ չկա, կա աղքատ և հարուստ: Հիմա 30%-ն էլ շատ է, պետք մտածել այդ մասին: Ու այնպես չէ, որ 2%-ով կրճատել ենք, շատ լավ է:
– Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առաջանցիկ տեմպերով է աճում, Հայաստանի դեպքում աղքատների այս բանակն ի՞նչ է նշանակում պատերազմող երկրի համար:
– Պարզ է, որ ապահովված մարդիկ պետք է լինեն, որ կարողանան երկրի պաշտպանունակության խնդիր լուծել և երկրի զարգացումն ապահովել: Դա աքսիոմատիկ է: Ես չեմ կարծում, որ մեր իշխանության առջև նման խնդիր ընդհանրապես դրված է: Եթե այդպես լիներ, 2016 թ. բյուջեն այսպիսին չէր լինի, միջնաժամկետ զարգացման ծրագրերն այսպիսին չէին լինի: Գոնե մեսիջներ կտային քաղաքացիներին, որ այսպիսի փոփոխությունների արդյունքում մեզ մոտ որոշակի զարգացումներ ու տնտեսական աճ տեղի կունենա, բայց որևէ փոփոխություն չկա: Այսինքն` նման խնդիր էլ չկա, նման անհանգստություն էլ չկա:
Ես ելնում եմ այն փաստաթղթերից, որ հրապարակվել են, որտեղ խնդիր դրված պետք է լիներ, որ աշխատատեղի հարց լուծվեր, իսկ աշխատատեղը նշանակում է` նաև աղքատության նվազում: Նման խնդիր դրված չէ, դրված է յոլա գնալու խնդիր, և, ինչպես երկիրն է յոլա գնում, այդպես էլ ամեն մեկի առջև յոլա գնալու խնդիր է դրված: Իսկ հետո չգիտեմ՝ ինչ կլինի: Եվ դա էլ են ասում: Եթե բյուջեի ռիսկերը նայում եք, վերջում չեն ասում՝ լավ կլինի, ասում են՝ կարող է լավ լինել, կարող է վատ լինել, այսինքն` դա կախված է արտաքին զարգացումներից, և, եթե դրսում վիճակը լավ լինի, մենք էլ լավ կլինենք, եթե` վատ, մենք էլ վատ կլինենք:
Բայց ներսում ի՞նչ ենք անում, որ մի քիչ հույս ունենանք, որ մեր հնարավորությունները կլավանան, ոչ մի բան չի ասվում: Սա ընդհանուր վարվող քաղաքականության հետևանք է: Եվ ընդհանուր քաղաքականությունը որևէ նպատակ չի հետապնդում, բացի եղած համակարգը պահելուց և իրեն սպառած մոդելը վերարտադրելուց: Նպատակը միայն դա է: Այլ նպատակ այս ամբողջ ծրագրերը, որ հրապարակվում են, ուրիշ բան չեն ասում: Պատահական չէ այդ 30% աղքատությունը, բայց կարող է անգամ 20% գրեն, դա ոչինչ չի փոխում: Իրականում տնտեսությունը չի աճում, որն ամենակարևոր փաստն է: Համեմատեք 2008 թ. և 2015 թ. տնտեսությունների չափերը:
Մեր տնտեսությունը չի մեծացել, հակառակը` պակասել է: Սա կարևորագույն չափանիշ է, ինչ ուզում են` ասեն, ինչ թվեր ուզում են` մեջբերեն, ուզում են` ասեն ներդրումների աճի մասին, որ իրականում չկա, ուզում են` ասեն միջին աշխատավարձի աճի մասին, որ միայն դրամական առումով է բարձրացել: Դա որևէ նշանակություն չունի, որովհետև տնտեսության աճ տեղի չի ունեցել դոլարային արտահայտությամբ: Սա կարևորագույն չափանիշ է, այսինքն` գործող իշխանությունն ինքնանպատակ գործունեությամբ է զբաղվել այս 7 տարվա մեջ, պարզապես գումարները մսխել է և որևէ զարգացում չի ապահովել: Սա անընդունելի է, իսկ աղքատությունն ու մնացածը դրա հետևանքներն են: