«Հերի՛ք է պաշտպանվենք, նախաձեռնելու ժամանակն է, եկեք հասկանանք, որ խավիարներն արգումենտ չեն». Դավիթ Շահանզարյան
«Հայաստանը միջազգային հարթակներում աշխատելու ներուժ ունի»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով միջազգային հարթակներում` հատկապես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակների ձախողումներին:
Նա նշեց, որ ներուժ կա ԵԽԽՎ-ում և նրա շրջանակներում ընթացող գործընթացներին մասնակցելու համար: Այդ ներուժն, ըստ նրա, պետք է իրացնեն ՀՀ իշխանությունները: «Եզրակացությունը շատ տխուր եզրակացություն է. ունենք միջազգային իրավունքի տեսակետից շատ տխուր փաստարկներ և շատ լուրջ հիմք, որպեսզի դադարենք պաշտպանվելուց և ժամանակին նախաձեռնողական լինենք միջազգային բոլոր ատյաններում: Մենք անընդհատ պաշտպանվում ենք: Այն, ինչ տեղի է ունենում այսօր ԵԽԽՎ-ում, նաև աշխարհաքաղաքական գործընթացների հետևանք է:
Բայց ժամանակն է անցնել նախաձեռնողական քաղաքականության և անընդհատ հանդես գալ առաջարկներով թե բանակցային գործընթացում, և թե միջազգային բոլոր ատյաններում` սկսած ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ-ից, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից, հերիք է պաշտպանվենք: Եկեք հասկանանք, որ խավիարներն արգումենտ չեն, դա փաստ է, այս պայմաններում պետք է շարունակել աշխատել, ոչ թե բողոքել, որ այդպես է: Միշտ էլ այդպես է եղել, շատ ժամանակ չեն հաջողել: Ու ներկայումս հետաքրքրական է, որ Արևմուտքի հետ Ադրբեջանի խոր հակասությունների պայմաններում խավիարը հաջողում է: Եկեք մտածենք, որ ժամանակն է ոչ թե պաշտպանվել, այլ նախաձեռնել, նախաձեռնողական քաղաքականություն վարել միջազգային բոլոր ատյաններում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: