«Չի՛ լինի ռուս-թուրքական ռազմական լարվածություն, ուստի Հայաստանն էլ չի դառնա թիրախ». Սկակով

«Տարածաշրջանային կայունությանը սպառնացող նոր վտանգներ չեն առաջանա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստին և ռազմական լարվածության բռնկման հավանականությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: Գերատեսչությունը պնդել էր, որ ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն Անկարան պնդում է, որ «Սու-24»-ը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը: Ինքնաթիռն ընկել է Սիրիայի Լաթաքիա նահանգի տարածքում:

Ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, թե չի կարծում, որ լրջորեն կարելի է խոսել լարվածության բռնկման մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Սակայն, ըստ Սկակովի, այն, որ հարաբերությունները լրջորեն վատթարացել են կես տարվա ընթացքում, փաստ է:

«Դա պայմանավորված է տարբեր պատճառներով: Առաջին հերթին՝ Թուրքիայի դիրքորոշմամբ սիրիական հակամարտությունում, այն, որ Թուրքիայում խաղադրույք էին կատարել Ասադի իշխանության անկման վրա, ապա ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու վրա` չտեսնելով այն, որ արմատական իսլամիզմը սպառնալիք է առաջին հերթին՝ ոչ այնքան՝ Սիրիայի, որքան՝ ինքնին Թուրքիայի համար: Թուրքիան իր այս քաղաքականությամբ իր համար փոս է փորում»,- նշեց Սկակովը: Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային այս միջադեպը չի ների: Ավելին, նրա խոսքով, այս միջադեպին ռուսական արձագանքը կտրուկ է լինելու, բայց ոչ ավելին:

«Սա պարզապես ազդանշան է այն մասին, որ այդ հարաբերությունները լուրջ կերպով փչացել են: Ռուսաստանն այսուհետ դիտարկելու է Թուրքիային՝ որպես ապակայունացնող գործոն, որը գործում է ոչ թե՝ ի օգուտ տարածաշրջանային կայունության, այլ՝ ապակայունության: Կարծում եմ` տեղի ունեցածին կհաջորդեն կտրուկ արձագանքներ, անդրադարձներ՝ գուցե միայն հայտարարությունների մակարդակով: Միջադեպը միանշանակորեն էլ ավելի կսրի հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ սրանով պարզապես թուրքական կողմը ցույց տվեց իր վերաբերմունքը Սիրիայում ռուսական գործողությունների վերաբերյալ: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը, ի տարբերություն այլ երկրների, իսկապես խոցում է ԻՊ-ը, ինչը Թուրքիայի օգտին չէ և Թուրքիայի սատարած ուժերի դեմ է, որի վերաբերյալ Թուրքիան իր կարծիքն է հայտնում»,- ասաց Սկակովը: Վերջինիս խոսքով՝ չի լինի ռուս-թուրքական լարվածություն, ուստի չի խաթարվի նաև Հարավային Կովկասի անվտանգությունը, ավելին, չեն փարատվի նաև հայաստանյան փորձագետների բացասական սպասումները ՌԴ-ի կողմից ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ: «Տեղի ունեցածը Հայաստանը չի դարձնի խոցելի»,- հստակեցրեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս