Գումար է շորթել ծառայակցից՝ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու սպառնալիքով
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ շարքային սակրավորը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Գործով մյուս մեղադրյալը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել է 3 տարի ժամկետով փորձաշրջան: Մեղադրյանը նախաքննության ընթացքում եղել է կալանավորված, սակայն դատարանի վճռով՝ դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Շարքային սակրավորին մեղադրյանք է առաջադրվել այն բանի համար, որ մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողից զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու՝ վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու և ոչ նպաստավոր պայմաններ ստեղծելու սպառնալիքով՝ կատարել է շորթում՝ վերջինիցս պահանջել և ստացել է 15.000 դրամ, մեկ այլ անգամ նույն սպառնալիքով պահանջել և երկու անգամ ստացել է 30.000 դրամ, ապա՝ 300.000 դրամ:
Գործով մյուս մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շարքային սակրավորի կողմից իրենց միջև տեղի ունեցած սեքսուալ բնույթի համասեռական գործողությունների տեսագրությունները չհրապարակելու դիմաց իրենից գումար պահանջելու կապակցությամբ, նրա հետ զրուցելու ընթացքում, գրպանից հանել է նախապես իր հետ բերած խոհանոցային դանակը և դիտավորությամբ դրանով հարվածել նրա դեմքին, որից հետո էլ դանակով հարված է հասցրել վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով ձախ թոքի վնասվածքով ուղեկցված կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վնասվածքի ձևով կյանքին սպառնացող առողջության ծանր վնաս:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ, միմյանց հետ հաշտվել են: Դատարանը որոշել է անցկացնել արագացված կարգով դատական քննություն:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատված են, ճիշտ են որակված, որոնց համար նրանք ենթակա են պատժի: