Բաժիններ՝

«Պետք չէ արժևորվածը կրկին արժևորել»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

-Ի՞նչ տեղ ունի հոգևոր երաժշտությունը հայ մարդու կյանքում:

Հոգևոր երաժշտությունը մեր հայկական ինքնության, մեր կյանքի գոյության, մեր ժողովրդի գոյատևման և հայ ազգի պահպանության հիմքն է:

Այսօր մենք աշխարհին ենք ներկայանում դասական արվեստով, որի հիմքում հոգևոր երաժշտությունն է: Երկար տարիներ պետականություն չունենալով՝ հայի կերպարը հիմնականում պահպանվեց հոգևոր երաժշտության շնորհիվ: Մինչ տառեր ունենալը մենք ունեինք տաղեր, հոգևոր երաժշտություն: Նույնիսկ մեր լեզուն կապված է մեր հոգևոր երաժշտությանը: Հոգևոր երաժշտությունը մեծ խթան հանդիսացավ հայոց գրերը ստեղծելու գործում:

Ուրախալի է, որ աշխարհի ճանաչված լուրջ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիմքում հոգևոր երաժշտությունն է: Սալվադոր Դալին ասում է, որ պրոֆեսիոնալիզմը, կրթությունը, հոգևոր աշխարհը միասին են շնչում: Լուրջ գիտնական, մասնագետ չես կարող լինել, եթե հոգևոր արժեքներ չես կրում: Բախի, Կոմիտասի երաժշտությունը հոգևոր է, իսկ Բրամսը, Վիվալդին, Պագանինին հոգևո՞ր չեն: Բոլոր ակունքները հոգևորից են սկսվում:

Լավ երաժշտությունը, գրականությունը, նկարչությունը չեն կարող անհոգի լինել:

-Ինչպե՞ս կարելի է սեր սերմանել հոգևոր երաժշտության հանդեպ: Ի՞նչ ժամանակակից միջոցներ կառաջարկեք երիտասարդներին, որ սկսեն հետաքրքրվել հոգևոր երաժշտությամբ:

Չեմ կարծում, որ պետք է միջամտել և արհեստականորեն մասսայականացնել հոգևոր երաժշտությունը: Պետք չէ այն կենցաղ մտցնել, գիշերուցերեկ հնչեցնել: Չեմ կարծում, որ կա դրա անհրաժեշտությունը: Այդպիսով այն ավելի շուտ կարժեզրկվի: Պետք չէ շահարկման առարկա դարձնել այն հիմնարար արժեքները, որոնք, ի դեպ, շատ ազգեր չունեն: Դրա համար նրանք դիմում են գլոբալիզացման տարբեր միջոցների, որպեսզի ապրելու ինչ-որ նպատակներ ունենան:

Ամեն մարդ ձգտում է հոգևոր արժեքներով ապրել: Հակառակ դեպքում կյանքն աննպատակ է դառնում:

Մարդն իր ամենանվիրական զգացմունքները կենցաղում չի արտահայտում, քանի որ կարող են վտանգվել, կորել:

Հիմա շատ խոսվում է փոփ երաժշտության, ռաբիսի մասին. ես դրանց մեջ վտանգ չեմ տեսնում: Նրանք կոչված են սպասարկել կենցաղը, մեկ օրվա կյանք ունեն: Դրանք ունեն շուկա, պահանջարկ: Մարդը կարիք չունի անընդհատ հոգևոր երաժշտություն լսել: Մարդուն ոչինչ պարտադրել պետք չէ: Ամեն մեկը գիտի, ինչ և որքան վերցնել կյանքից: Անգամ ամենասիրված ռաբիս երգերի կատարողների հետ հպանցիկ շփվելիս, խոսելիս հասկանում և զգում ես, որ դրա մեջ էլ կա հոգևոր կյանք, հոգևոր երաժշտության ձգտում: Երգիչն ուղղակի ռեալիզացվում է այդ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ նա հենց այնպիսին է, ինչպիսին բեմի վրա է: Եվ հակառակը: Մարդիկ կան, ովքեր ամբողջ օրը խոսում են հոգևոր երաժշտության, դրա կարևորության, Կոմիտասի և այլ բաների մասին, բայց երբ ներթափանցում ես այդ մարդու հոգին, տեսնում ես, որ այդ մարդը ոչ մի հոգևոր արժեք էլ չունի: Պետք չէ արժևորվածը կրկին արժևորել: Անտառաճանաչ մարդիկ կան, ովքեր ավելի խոր հավատ և հոգևոր արժեքներ ունեն, քան տարբեր հոգևոր կառույցներում ծառայողները: Ոչ ոք չի կարող հոգևոր արժեք չունենալ, քանի որ բնության ծնունդն է,: Հոգևոր արժեքների ծնունդ ենք բոլորս:

Պետք չէ հիվանդագին քննարկման թեմա դարձնել հոգևոր արժեքները: Ամեն մարդ ուղղակի պետք է հասկանա, որ դա ամենաթանկ բանն է իր համար: Երբեմն կեղծ առաքելություն ենք ստանձնում: Իրականում պետք չէ պահպանել հոգևոր արժեքները, պետք է դրանք չապականել:

-Կոնսերվատորիայի կոմիտասագետ դասախոսների կողմից ի՞նչ աշխատանք է տարվում կոմիտասյան մեծ ժառանգությունը հայ մարդուն հասանելի դարձնելու ուղղությամբ:

Շատ մեծ աշխատանք է տարվում: Երկրի լավագույն մասնագետներն այստեղ են աշխատում: 2015թ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծվեց: Նրա հարուստ ժառանգությունն այժմ արդեն կենտրոնացած է: Գիտական խորը մոտեցում կա:

Կոնսերվատորիայում ուսանում են նաև Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ: Ինչպե՞ս են նրանք ընկալվում. որպես սովորական ուսանողնե՞ր, թե՞ հատուկ վերաբերմունք կա նրանց հանդեպ:

Հոգևոր սպասավորներից բուհի շրջանավարտ է Նաթան սրբազանը, շատ շրջանավարտներ ենք ունեցել, ովքեր նեգրավված են հոգևոր ոլորտում՝ եկեղեցական երգչախմբերում: Մեր ուսանողներից Հովհաննես սարկավագը վերջերս պետական մրցանակի արժանացավ, շուտով էլ կսկսի հանդես գալ ակադեմիական կատարումներով:

Մեկ տարի է բուհում ուսուցանում ենք կրոնի պատմություն: Հավանական է, որ ուսանողները մասնագիտական դասերից բացակայեն, բայց Բագրատ սրբազանի հետ հանդիպումներին լսարանը լեփ-լեցուն է:

-Ձեր բարեմաղթանքը երիտասարդներին, Qahana.am կայքի ընթերցողներին ընդհանրապես:

Երիտասարդները շատ լավն են, նրանց պետք չէ խանգարել: Որևէ գործում պիտի ներդրում անես, որ հետո պահանջես: Ի՞նչ ենք մենք իրենց տվել և ի՞նչ ենք պահանջում: Մեր երիտասարդները բոլորն անխտիր շատ լավն են, սակայն դաստիարակության խնդիր ունեն:

Կուզենամ, որ մարդիկ իրենք իրենց շատ չարժևորեն: Մեզ ամեն բան ի վերուստ է տրված: Մարդ որքան շատ հոգևոր արժեքներ կրի, այդքան շատ է օգուտը, այնքան հետաքրքրիր և հարուստ կլինի նրա կյանքը:

Զրուցեց Էլիզա Մանուկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս