
Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը

– Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը: Արևմութքում կան եկեղեցիներ, ուր դա հնարավոր է:
– Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից: Հայ եկեղեցին մերժում է կանանց քահանայության գաղափարը, և սրա հիմքում նրանց իրավունքները ոտնահարող որևէ միտում կամ ստորադասման նշույլ անգամ չկա: Հարցն աստվածաբանական հիմնավորում ունի և առնչվում է հոգևորականի` քահանայության դերի ու կոչման ճիշտ ընկալման և գիտակցման հետ: Քրիստոս, Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Որդին մարդացել, մարմնացել, չարչարվել և պատարագվել է մարդկության մեղքերի փրկության համար, և հաստատել Հաղորդության Խորհուրդը` Իր հիշատակի և Իր Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելու համար: Հոգևորականը պատարագի ընթացքում խորհրդանշում է Քրիստոսին, ապա որպես քահանա` կատարում է հավիտենական քահանայապետ հաստատված Քրիստոսի հաղորդության խորհուրդը և դրան մասնակից դարձնում ժողովրդին: Հետևաբար, միայն տղամարդը կարող է եկեղեցում և այլուր քահանայություն կատարել, քանի որ այդ ծառայությունը նրան է վստահված հենց Տիրոջից: Անշուշտ, քահանայի գործունեությունը եկեղեցական ծիսակատարություններով միայն սահմանափակվելը չէ: Ինչպես Հիսուս Ինքն էր ժողովրդի հետ շփվում և անդրադառնում նրանց կյանքին ու կենսակերպին, այնպես էլ հոգևորականն է զբաղվում հավատացյալների ու ժողովրդի ընկերային հարցերով, որոնք մարդու կյանքի անբաժանելի մասն են և շատ հաճախ կարող են ազդել հավատացյալի ներաշխարհի վրա:
Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան
qahana.am