Ինչպես կոտրել Սամվել Ալեքսանյանի ու ՀՀԿ-ի մենաշնորհը

Սահմանադրական փոփոխությունների թեմայի շրջանակներում ամենաշատը քննարկվող հարցն այն է, որ իշխող ՀՀԿ-ն այդ փոփոխություններով ամրապնդելու է իր մենաշնորհը քաղաքական դաշտում: Այդ թեզը հիմնավորելու համար բերվում են տասնյակ փաստարկներ, որոնք գրեթե բոլորն էլ բխում են օբյեկտիվ իրողություններից և հիմնավոր են: Այո, ՀՀԿ-ն ունի մենաշնորհ ներկայումս և ամրապնդելու է այդ մենաշնորհը թե՛ գործող, թե՛ փոփոխված Սահմանադրությամբ: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, սակայն իրատեսությունը պահանջում է արձանագրել այն:

Արձանագրել ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք այդ մենաշնորհն անդառնալի է, և այն վերացնելու որևէ հնարավորություն չկա, թե՞ այնուամենայնիվ իրավիճակն այդքան էլ անհուսալի չէ:

Մինչ այդ հարցին պատասխանելը, թերևս, արժե արձանագրել նաև, որ այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը գրեթե հայելային ձևով արտացոլում է տնտեսության մեջ առկա պատկերը: Խոսքը, բնականաբար, մենաշնորհային տնտեսության մասին է, որը բոլորը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, համարում են Հայաստանի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը: Վերջին առնվազն մի քանի տարիներին տնտեսական դաշտում խաղի կանոններն էականորեն փոխվել են: Խոսքը խաղի այն կանոնների մասին է, որոնցով ձևավորվում ու պահպանվում էին (են) մենաշնորհները:

Եթե տարիներ առաջ մենաշնորհների պահպանման ու բարգավաճման հիմքում ընկած էին բիրտ ուժը, մրցակիցներին ահաբեկելու, ճնշելու մեթոդները, ապա դրանք այլևս անցյալում են: Ամեն ինչ որոշում է «մասշտաբի էֆեկտը»: Դրա էությունն այն է, որ խոշոր գործարարները, մոնոպոլիստներն այնքան ազատ դրամական միջոցներ ունեն, որ զուտ գործարքների ծավալով կսնանկացնեն ցանկացած մրցակցի: Ասենք, եթե դուք ցանկանում եք ներմուծել շաքարավազ, ձեզ որևէ մեկը չի ճնշի, ինչպես նախկինում:

Բայց Սամվել Ալեքսանյանն իր յուրաքանչյուր ներմուծման ժամանակ կարող է ներկրել այնքան շաքարավազ, որքան դուք չեք կարողանա գնել նույնիսկ ամբողջ կյանքում: Բնականաբար, այդ ծավալային տարբերությունը ենթադրում է նաև գնային լուրջ տարբերություն, հետևաբար՝ եթե դուք այնուամենայնիվ որոշեք փորձել շաքարավազ ներկրել, կարող է հայտնաբերեք, որ տեղական շուկայում Սամվել Ալեքսանյանը վաճառում է ավելի էժան գնով, քան դուք ձեռք եք բերել արտադրողից: Ահա և ողջ պատմությունը:
Նույն իրավիճակն է նաև քաղաքական դաշտում: Անցած ավելի քան մեկ տասնամյակում՝ լինելով իշխանության մեջ, ՀՀԿ-ն կարողացել է «բուն դնել» Հայաստանի ողջ տարածքում, պետական կառավարման համակարգը, տեղական ինքնակառավարման մարմինները, ամեն ինչ Հայաստանում դարձել է ՀՀԿ-ական:

Արդյունքում՝ ստեղծվել է իրավիճակ, որ անգամ խաղի ամենաազնիվ կանոնների պահպանման դեպքում, զուտ «մասշտաբի էֆեկտով», ՀՀԿ-ն, այսպես թե այնպես, հաղթելու է ցանկացած ընտրության, այդ թվում՝ նաև առաջիկա հանրաքվեի ժամանակ: Առաջին հայացքից այս իրավիճակն իսկապես անհուսալի է թվում, քանի որ, ինչպես Սամվել Ալեքսանյանը, ասենք, շաքարավազի շուկայում, այնպես էլ՝ ՀՀԿ-ն՝ քաղաքական ասպարեզում, «մասշտաբի էֆեկտով» կարող են հավերժ պահպանել իրենց մենաշնորհը: Ստանդարտ լուծումների ու գործիքների դեպքում գուցե այդպես էլ կա:

Այսինքն՝ եթե ցանկանում եք տնտեսական հաջողության հասնել «պահպանողական» ճանապարհով, կամ, եթե ցանկանում եք հաղթել ընտրություններում սովորական մեթոդներով, ապա երկու դեպքում էլ ի սկզբանե խաղը տանուլ է տրված: Դա նշանակում է, որ պետք է փնտրել ոչ ստանդարտ, «միաբջիջությունից դուրս» եղանակներ: Ավելի պարզ ասած, տնտեսության մեջ Սամվել Ալեքսանյանի առկայության պարագայում կարելի է հաջողության հասնել միայն նորարարական տեխնոլոգիաներ կիրառելով, որ կկարողանան «ծածկել» նրա մասշտաբի էֆեկտը:

Նույնը նաև քաղաքականության մեջ է. ՀՀԿ-ի մենաշնորհը հիմնված է ոչ միայն՝ վերը նշված գործոնների, այլև՝ այն իրողության վրա, որ Հայաստանի քաղաքական կյանքում իրականում բացակայում է գաղափարը, բացակայում են արժեքներն ու սկզբունքները, և ամեն ինչ ընթանում է «ռեալպոլիտիկի» շրջանակներում, որում հիմնական որոշիչ կատեգորիաները լծակներն են ու փողը:

Մինչդեռ որևէ նոր, թարմ, իսկապես կենսունակ գաղափարի դեպքում ՀՀԿ-ի արխաիկ մենաշնորհը կարող է փլվել: Խոսքն այնպիսի գաղափարի մասին է, որը կարող է կլանել ոչ միայն՝ ոչ ՀՀԿ-ական մասսաներին, այլ՝ հենց ՀՀԿ-ականներին՝ սկսած գյուղապետերից ու մարզպետներից՝ մինչև շարքային կուսակցականներ: 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ դա հնարավոր է:

Պարզապես նա վերջում ապացուցեց նաև, որ իր «նոր գաղափարն» իրականում նույն խաղի կանոնների մեջ էր, պարզապես ներկայացվում էր այլ «փաթեթավորմամբ»: Մի խոսքով, ՀՀԿ-ի մենաշնորհը, որը, անշուշտ, իրերի ներկայիս դրության պահպանման դեպքում ամրապնդվելու է փոփոխված կամ գործող Սահմանադրությամբ, իրականում հիմնված է Հայաստանի քաղաքական դաշտի ապագաղափարականության, քաղաքական ուժերի մեծ մասի անսկզբունքայնության վրա:

Ընդ որում, այդպիսին են առաջին հերթին ու առավելապես՝ այն ուժերը, որոնք ամենաշատն ու ամենաբարձրն են աղաղակում ՀՀԿ-ի մենաշնորհի մասին: Որովհետև իրենք էլ կազմում են այդ մենաշնորհի մի մասը: Երևացող կամ թաքնված «տարիֆներով», բնականաբար:

 

Տեսանյութեր

Լրահոս