«Ֆրանսիայում տեղի ունեցածը հարձակում չէ միայն կոնկրետ երկրի վրա, ինչպես ներկայացնում է ռուսական պրոպագանդան». Անուշ Սեդրակյան
«Կարծում եմ՝ միգրացիոն քաղաքականությունն արդեն վերանայվում է, գիտենք, որ Եվրոպայի սահմաններին խստացվել է վերահսկողությունը»,-այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ խոսելով Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցածը հարձակում չէ միայն կոնկրետ երկրի վրա, կամ կոնկրետ քաղաքականության համար, «ինչպես ներկայացնում է ռուսական պրոպագանդան». «Տեռորը խթանելու համար ամենալավ հայտարարությունն այն է, որ տեռորի համար կային նախադրյալներ: Որևէ մոտիվացիոն հիմքեր դրա տակ փնտրելը կրկնակի հանագործություն է»:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոսի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով էլ դատապարտելի են նման արարքները, ու ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում, մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:
«Մենք արդեն գիտենք, որ ֆրանսիայի նախագահը 3 ամսով երկարաձգել է արտակարգ դրության վիճակը երկրում: Մենք տեսնում ենք, որ դա ամբողջ եվրոպական քաղաքակրթության դեմ էր: Այն, ինչ տեղի է ունենում Իսլամական պետության ձեռքով դատապարտելի է, ու այն երկրները, որոնք պետք է սանձահարեն ԻՊ-ին, պետք է միավորվեն ու պայքարեն այդ ամենի դեմ»,- նշեց Հ. Սահակյանը: