Բաժիններ՝

Գյումրու գազանանոցի կենդանիները «արտագաղթում» են

Asparez.am-ը գրում է. Գյումրու գազանանոցը ներկայում տեղակայաված է Սախարովի հրապարակում: Քաղաքում հայտնվել է դեռ 2000 թվականից, իսկ գործունեությունը սկսել է 2010 թվականից: Կենդանիները ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիմա, կարելի է ասել, որ կենդանիները «արտագաղթել» են, քանի որ, մեղմ ասած` կենսապայմաններ չկան: Նշենք, որ կենդանաբանական այգին մասնավոր է:

-Բացի երկու արջերից ու երեք առյուծներից, որոնք հիմա կան, ունենք նաեւ կապիկներ, լուսաններ եւ թռչուններ, որոնք հիմա տվել ենք Արմավիրի ու Երեւանի գազանանոցներին, քանի որ չէինք կարողանում պահել: Հիմա շատ վատ վիճակում ենք, կեր չունենք կենդանիների համար: Դիմել ենք կառավարություն, որ տեղափոխենք Երեւանի գազանանոց,-ասում է գազանանոցի տնօրեն Ստյոպա Վարդանյանը:

Սակայն Երեւանի կենտանաբանական այգու տնօրենը հրաժարվել է ընդունել Գյումրուց «արտագաղթող»՝ Միշա, Մաշա արջերին եւ Մերի, Զիտա, Գիտա առյուծներին՝ պատճառաբանելով, որ ունեն տեղի եւ սննդի խնդիր:

-Տեղափոխման հարցն էլ է գումարի հետ կապված: Ինքը ասում է, որ ես չեմ կարող տեղափոխել: Եթե գոնե տեղափոխման հարցը կառավարությունը լուծի կամ մարզային ղեկավարները, լավ կլինի,-շարունակում է տնօրենը:

Ստյոպա Վարդանյանն ասում է, որ պատրաստ է նույնիսկ կենդանիներին նվիրել, եթե խոստանան, որ չեն սպանի ու լավ կվերաբերվեն: Վերջինիս հավաստմամբ, կենդանիներին Գյումրիում պահելու համար մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար է հարկավոր ամեն ամիս:

-8 կգ միս ամեն մի առյուծին եւ արջերին՝ 12 կգ միրգ բանջարեղեն: Օրական ծախսերը կազմում է 25-30 հազար դրամ: Արդեն սաղ աշխարհ դիմել ենք, որ մեզ օգնեն: Մի քիչ ամոթ է, որ մեր երկիրը չի կարող այս կենդանիներին պահել եւ Մոսկվա ենք ուղարկելու:

Մինչեւ կորոշվի, թե կենդանիները որտեղ ապաստան կգտնեն, գազանանոցի միակ աշխատակիցը, որը կատարում է եւ՛ պահակի եւ՛ կերակրողի պարտականությունները՝ կշարունակի աղբանոցներից կերակուր հայթայթել:

-Պահելը դժվար է: Մեկ տուկ սալոմը երեք օր է՝ լցրել եմ տակը, արդեն փոխելու ժամանակն է, բայց չկա, որ փոխեմ: Սալոմը չեղավ, պաղ ժեշտին կպարռի: Կեր չկա: Կենդանին պետք է ուտի, որ չմրսի, չսատկի: Ամեն օր աղբանոցներից հավաքում ենք կարտոֆիլի, մրգի մնացորդներ, որ տանք արջերին: Մանկապարտեզից էլ ճաշի մնացորդներն եմ բերում,-ասում է աշխատակիցը:

Կենդանիները օրվա մեջ կերակրվում են երկու անգամ: Սակայն պարտադիր է, որ կերակրվեն գոնե 4-5 անգամ: Գազանանոցը նաեւ ջրի խնդրի ունի: Աշխատակիցները ջուրը բերում են դույլերով՝ բավականին հեռու գտնվող ցայտաղբյուրից:

Գազանանոցի ներկա վիճակի լուրը հասել է նաեւ կառավարություն, համապատասխան նախարարություն եւ քաղաքային ու մարզային իշխանություններ, բայց որեւէ մեկը դեռ օգնության ձեռք չի մեկնել: Պարզվում է, որ «կենդանասեր» Գագիկ Ծառուկյանն ու Մանվել Գրիգորյանն էլ հետաքրքրված չեն Գյումրու սոված, ծարավ գազաններով՝ վերցնել, պահելու ցանկություն չունեն: Տնօրենն ասում է, թե միայն գեներալ Մանվելը մի քանի կիլորգրամ միս է ուղարկել:

Տնօրենը լրագրողներին խնդրում է, որ գտնեն մարդիկ, որոնք կցանկանա ձմռան ցրտին ապաստան տալ կենդանիներին, գոնե ժամանակավոր: Միաժամանակ, աշխատակիցներն էլ խնդրում են, որ նրանք, ովքեր կարոող են գազանանոց տեղափոխեն կարտոֆիլի, կաղամբի, մրգերի մնացորդներ եւ կեղեւներ, իրենք միայն ուրախ կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս