Բաժիններ՝

«Օգնեք, եթե կարող եք, եթե չէ` մի մեղադրեք»

asparez.am-ը գրում է.  «Հերթով մտնենք տուն, որ տեղավորվենք,- ասում է տիկին Աննան, նրա հետեւից նեղլիկ միջանցք-խոհանոցով անցնում եմ մի փոքր ավելի մեծ սենյակ` հյուրասենյակ-ննջասենյակն է: Ամեն ինչ դասավորված է շատ կոկիկ, տեղը տեղին, զգացվում է խնամք, պատերին եւ հատակին` բոլոր տեղերում, այն ամենն ինչ հնարավոր է, մեխերով ամրացված է:

Արդեն 15 տարի, ինչ 54-ամյա Աննա Մելքոնյանը եւ նրա 15-ամյա որդին բնակվում են Բուլվարային թաղամասի 206-5/5 փայտե տնակում: Ընդամենը 6 քառակուսի մետր տարածք ունեցող տնակում ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Տիկին Աննան կատարում է այն բոլոր աշխատանքները, որոնք առաջարկում են, միայն թե կարողանա գումար վաստակել` ամռանը բուրդ է լվացնում, տներում հավաքարարությամբ է զբաղվում, անգամ վերանորոգման աշխատանքների է մասնակցում: Ասում է` չի ամաչում, ցանկացած աշխատանք կատարում է, միայն թե որդուն կարողանա իր նպատակներին հասցնել: Տղան հաճախում է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ` ցանկանում է լավ ֆուտբոլիստ լինել. «Մշտական աշխատանք չեմ կարողանում գտնել, բոլոր տեղերում ավելի երիտասարդ աշխատող է հարկավոր, եթե աշխատանք չեմ կարողանում գտնել` բավարարվում ենք նպաստով, դա շատ քիչ է, բայց ոչ մեկից չեմ բողոքում, ես ստեղծել եմ իմ անկյունը, շատ դժվար է, բայց ոչ ոք պարտավոր չէ օգնել»:

Նրա միակ խնդրանքը իրավասու մարմիններին՝ նորմալ կացարանն է, բնակարան չէ, թեկուզ մի փոքր ավելի մեծ տնակ, որը տարրական կոմունալ հարմարություններն ունենար, որտեղ կկարողանար ապրել իր որդու հետ «Մենակ մի խնդրանք ունեմ` օգնեք տնակով, գոնե կոմունալ հարմարություններ լինեն, բարեկեցիկ կյանք չեմ ուզում: Հույս ունեմ, տղաս ոտքի կկանգնի, քարը քարին կդնի, կստեղծի իր տունը, ընտանիքը: Օգնեք, եթե կարող, եթե չէ` մի մեղադրեք գոնե»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս