Բաժիններ՝

«Կան գյուղապետեր, որ գյուղում մնացել են իրենց կնիքով, չեն գտնում մեկին, որ հանձնեն այդ կնիքն ու իրենք էլ գնան»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում համայնքների խոշորացմանը վերաբերող «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ արտահոսքը համայնքներից գրեթե մեծ մասում ունի նույն պատճառը՝ մարդկանց կենսամակարդակի, աշխատանքի, եկամուտի աղբյուր ունենալու խնդիրն է:

«Բնակավայրերը դատարկվել ու դատարկվելու են, եթե մենք ծրագրեր չիրականացնենք ու մարդը եկամուտ չունենա, որ ինքը այդ համայնքում ապրի, ոչ թե որովհետև այդտեղ է ծնվել, այլ որ սիրում է այդ համայնքը»,- ասաց Ս.Մարգարյանը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ հաճախ գյուղապետերը գյուղում մնացել են իրենց կնիքով ու չեն գտնում մեկին, որ հանձնեն այդ կնիքն ու իրենք էլ գնան: Ըստ նրա՝ ընտրատեղամասեր կան համայնքներում, որ հանձնաժողովի անդամները ավելի շատ են եղել, քան ընտրողները, դպրոցներում 1-2 առաջին դասարանցի կա:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ պետք է տեղական ինքնակառավարումը ուժեղացնել, ոչ թե կցել մեծին, որտեղ ՏԻՄ մասին չի կարող խոսք լինել, օրինակ՝ 25 համայնքապետի փոխարեն 3 համայնքապետ է լինելու. «Հաղարծինը, որ փոքր համայնք չէ, միացնում եք Դիլիջանին: Ինչո՞ւ: Չեղա՞վ, որ ոչնչացնում եք ՏԻՄ-ը: Հանրաքվեի արդյունքները բանի տեղ չեք դնում: Էլ ինչո՞ւ էր հանրաքվեն, ինչո՞ւ եք տանջում ժողովրդին, եթե միևնույնն է՝ պետք է անեք այդ խոշորացումը»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ուղղակի չի հասկանում, թե ինչու այսքան քաղաքական կարևոր գործընթացներից կտրված, ժամանակից դուրս ինչ-որ մի նախագիծ է ներկայացվում: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններից հետո ունենալու ենք տարբեր կարգավիճակներում հայտնված համայնքներ, իսկ նոր Սահմանադրությունը տալիս է ավելի լավ ու ամբողջական լուծումներ: Ռուստամյանի խոսքով՝ հանրաքվեի արդյունքները հաշվի չեն առնված, ներկայացված է Սահմանադրության կոպիտ խախտմամբ՝ կցված չեն հանրաքվեի արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս