Ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին մարմնի վրա կատարվող դաջվածքներին, մասնավորապես՝ խաչին
– Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: Ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին մարմնի վրա կատարվող դաջվածքներին, մասնավորապես՝ խաչին:
– Թեև մարմնի վրա նկարելը հնուց եկած սովորություն է, սակայն Աստվածաշնչում երբեք այդ մասին ոչինչ չի ասվել երևի այն պարզ պատճառով, որ ոչ հրեաների, ոչ էլ Աստվածաշնչում հիշատակվող այլ ազգությունների մոտ այդպիսի սովորություն չի եղել: Հետևելով Աստվածաշնչյան խորհուրդներին, Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մկրտությամբ մարդու մարմինը դառնում է Սուրբ Հոգու տաճար: Եթե մարդը քրիստոնյա է և նրա մարմինը Սուրբ Հոգու տաճար է, ապա կարելի՞ է այդ տաճարի վրա ինչ-որ պատկերներ նկարել: Ընդունելի չէ անգամ խաչի դաջվածքը մարմնի վրա: Խաչի հանդեպ վերաբերմունքը պետք է արտահայտել այլ ձևերով: Դաջելու սովորությունը գալիս է հեթանոսական դարաշրջանից, և քրմերը մոգական ինչ-ինչ նշաններ և մոգական բառեր էին դաջում իրենց մարմնի և դեմքի վրա: Դրանք կրում էին կրոնական ինչ-որ բնույթ:
Այսօր նույնպես մարդը մարմինն օգտագործում է որպես դաջվածքների կտավ: Եկեղեցին պաշտոնապես իր դիրքորոշումը չի արտահայտել այդ հարցի վերաբերյալ: Սակայն բազմաթիվ հոգևորականներ արտահայտվել են հետևյալ կերպ. իբրև թե մարդն իր մարմինը համարում է անկատար և փորձում դաջվածքներով իր մարմինը գեղեցկացնել: Այդ առումով բնականաբար դաջվածքը մեղք է, քանի որ հայտնի է, որ Աստված մեզ կատարյալ ստեղծեց, թեև մարդու մարմինն իր մեղքի պատճառով դարձավ մեղսունակ:
Երբ Երուսաղեմ են գնում ուխտագնացության, ապա այնտեղ, ըստ ցանկության ուխտավորի թևին կամ ուսիդ դաջում են ուխտագնացությունը փաստող դաջվածք: Ինչ վերաբերվում է խաչին, ճիշտ կլինի մարմնի վրա կրել ոչ թե դաջվածք, այլ՝ իրական խաչ՝ օրհնված հոգևորականի կողմից: Ըստ իս, ճիշտ կլինի, որ քրիստոնյան իր մարմինը դաջվածքներով չպատի: Ոմանք մտածում են, թե դաջվածքով արտահայտում են իրենց սերն ու նվիրումը անձի կամ գաղափարի նկատմամբ, սակայն ավելի իրական և գնահատելի է այդ սերն արտահայտել գործերով:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան
qahana.am