«Ղարաբաղյան հակամարտության պատմությունն աղճատված է». Աշոտ Մանուչարյան

«Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի այն տարածքների հանդեպ, որոնք եղել են ԽՍՀՄ կազմում»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը և կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտությունը քննարկողները գտնվում են «հիպնոսի» մեջ, որը ձևավորվել է բավականին երկար ժամանակ, երբ սկսել է աշխատել Մինսկի խումբը, որն էլ իր գործունեությամբ հիմնվել է ոչ թե խնդիրների լուծման վրա, այլ, ձևավորված լինելով ԱՄՆ առաջնորդության հիման վրա, նպատակ ունի «խոնարհեցնել» տարածաշրջանային ուժերին ԱՄՆ պատրոնաժի ներքո: «Տրամաբանությունն ուղղված էր նրան, որպեսզի ունենան գործիքներ՝ մանիպուլացնելու գործընթացները տարածաշրջանում»,- ընդգծեց նա:

Մանուչարյանի խոսքով` եթե ցանկանում ենք խաղաղություն և կյանքի նորմալ կազմակերպում ԼՂ-ում, ապա պետք է ունենանք մեր պատկերացումները, մեր քաղաքականությունն ու մեր ուղենիշները, այսինքն` չպետք է հիմնվել այն ուղենիշների վրա, որոնք այսօր գոյություն ունեն, պետք է հիմք ընդունել այն, թե ինչ ուղղությամբ է ընթանում աշխարհը, որովհետև, ըստ նրա՝ այսօր գոյություն ունեցողը մահացող է:

Ա. Մանուչարյանը պատմեց, թե ինչ է ներկայացվում ԼՂ հակամարտության պատճառների ներքո, որն, ըստ նրա, իրականության հետ որևէ կապ չունի:

Կարդացեք նաև

«Հարցն այն է, որ Ղարաբաղի մարզային  խորհուրդն իր նիստի ընթացքում որոշում էր կայացրել դիմել ԽՍՀՄ ղեկավարությանը այն մասին, որ ցանկանում են անցում կատարել մի պետության կազմից մյուսին: Սրանից հետո սկսվեցին հայերի սպանությունները Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլն: Այսինքն` ոչ Ղարաբաղում»,- ասաց Մանուչարյանը` շարունակելով, որ հակամարտության պատմության էությունն այն չէ, որ Ղարաբաղում ծավալվեց Ազգային ազատագրական շարժում, այլ այն է, որ Բաքվի ռեժիմը իրեն իշխանություն հաստատելու համար հակամարտության մեջ էր մտել այդ քաղաքներում ապրող այլ ժողովուրդների հետ:

«Այսինքն` հակամարտության էությունը աղճատված է, այն վերածված է հակամարտության Ղարաբաղի և Ադրբեջանի միջև նրա համար, որպեսզի հարցերը մանիպուլացվեն: Իսկ իրական հակամարտությունը Ադրբեջանում ապրող ժողովուրդների և Ադրբեջանում ձևավորվող ռեժիմի միջև էր և այդ հակամարտությունը առաջանում էր մշտապես»,- նշեց Մանուչարյանը:

Նա նաև նկատեց, որ այս հարցում իրեն մշտապես զարմացնում է Ռուսաստանի դիրքորոշումը: Մանուչարյանի խոսքով` եթե այլ հետսովետական երկրները ԽՍՀՄ իրավահաջորդներն են, ապա Ռուսաստանը ԽՍՀՄ-ն է նոր անունով պարզապես և ԽՍՀՄ-ը չկարողացավ իրականացնել այն, ինչ պետք է իրականացներ ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրենքի համաձայն:

«Ռուսաստանն այս հարցում հստակ պարտավորություններ ունի այն տարածքների նկատմամբ, որոնք եղել են ԽՍՀՄ կազմում և ԽՍՀՄ-ի շարունակությունը պարտավոր է վերականգնել օրինականությունը ԽՍՀՄ դուրս գալու վերաբերյալ»,- ասաց Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս