Այս իրավիճակից ելքը երդվյալ ատենակալների դատարանի որոշակի ձևով կիրառումն է. Հայկ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց, որ Նոր սահմանադրության 2-3-րդ գլխի համեմատ 7-րդ գլխում փոքր-ինչ առաջխաղացումներ կան` գոյություն ունեցող Սահմանադրության համեմատ, քանի որ ըստ նրա` մի փոքր դատավորների անկախության մակարդակը բարձրացվում է։
«7-րդ գլուխը կանվանեի բաց թողնված հնարավորությունների գլուխ։ Մենք փորձում ենք ստեղծել ժողովրդավարական պետություն, որի պարտադիր պայմաններից մեկն այն է,որ իշխանությունները պետք է ձևավորվեն քաղաքացիների կողմից։ Իշխանությունների ձևավորումը պետք է դնենք ժողովրդի վրա։ Գործող Սահմանադրությամբ ժողովուրդն ընդհանրապես կտրված է Դատական իշխանությունը ձևավորելուց ու այդպես էլ մնում է նորով, ինչը նշանակում է, որ մեզ չենք կարող համարել ժողովրդավարական պետություն»:
Նա նշեց, որ մյուս թերությունը անհասկանալի գործառույթների բաշխումն է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների միջև. «Այսօր մենք ունենք երկու վճռաբեկ դատարան` մեր Վճռաբեկ դատարանն ունի անհասկանալի գործառույթներ, իսկ Վերաքննիչն իրականացնում է վճռաբեկություն. միանգամայն հակասահմանադրական կարգավորում»։
Նա նաև նկատեց, որ Սահմանադրության նոր նախագծով հնարավորություն էր տրվում ունենալ երդվյալ ատենակալների դատարան, իսկ նախագծի վերջնական տարբերակից դա հանվեց. «Հայաստանի պայմաններում այն վիճակը, որ ունենք, կշարունակվի դեռ շատ երկար մնալ, քանի որ այս իրավիճակից ելքը երդվյալ ատենակալների դատարանի որոշակի ձևով կիրառումն էր»։