Ռուսաստանը Հայաստանում կարող է հեղաշրջում իրականանցել

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցելությանը՝ «Հայկական ժամանակ» թերթը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Լավրովը Երևան է եկել ՀՀ իշխանություններին համոզելու՝ Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջաններ վերադարձնել Ադրբեջանին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին Է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա Է եղել»,- գրում է թերթը։

Որքանո՞վ է այս տեղեկությունը դետալների, մանրամասների առումով համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց այն, որ նման տեղեկատվությունը, մեղմ ասած, տրամաբանական է, միանշանակ է: Տրամաբանական է՝ հաշվի առնելով առնվազն վերջին մի քանի ամիսների զարգացումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Ռուս-արդբեջանական աննախադեպ մերձեցմանը զուգահեռ՝ ավելի շատ սկսեցին խոսել Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորության մասին: Դրան զուգահեռ ռուսական փորձագիտական շրջանակներն առանց ավելորդ ձևականությունների խոսում ու գրում էին (են), որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնալու դիմաց պահանջում է ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը, ինչին Ռուսաստանը ոչ միայն չի առարկում, այլև առարկայական քայլեր է ձեռնարկում դա իրականություն դարձնելու համար:

Լավրովի այցը, ըստ էության, հենց դրա վկայությունն էր: Ընդ որում, այդ այցն ակնհայտորեն ծրագրված չէր նախապես, քանի որ դրա մասին հայտնի դարձավ ՌԴ արտգործնախարարի Երևան ժամանելուց հաշված օրեր առաջ միայն:

Այսինքն՝ ծագել է ինչ-որ անհրաժեշտություն, ինչ-որ հարց՝ շատ շտապ, արագացված ռեժիմով քննարկելու համար: Իսկ այն մասին, որ այդ հարցը կարող է վերաբերվել ազատագրված տարածքների վերադարձին, անուղղակիորեն վկայում է հայաստանյան ներքաղաքական մեկ այլ իրողություն:

Հայաստանը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի, որը կայանալու է դեկտեմբերի 6-ին: Իշխանությունն ամեն ինչ անում է սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար: Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռուսական պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքները, Մոսկվայում այնքան էլ բարյացկամորեն չեն վերաբերվում Հայաստանում կառավարման կարգը փոխելու հեռանկարին: Ու այս պայմաններում շտապ կարգով, հանրաքվեից ընդամենը երեք շաբաթ առաջ Հայաստան է ժամանում Լավրովը: Ինչո՞ւ:

Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանություններին գործարք առաջարկելու՝ ճանաչում կամ համաձայնություն-տարածքների դիմաց: Այլ կերպ ասած, բացառված չէ, որ Մոսկվան շանտաժի միոջոցով ՀՀ իշխանությանը փորձում է հասկացնել, որ տարածքների վերադարձին չհամաձայնելու դեպքում կարող է «ներքին դիմադրություն» կազմակերպել և տապալել հանրաքվեն: Իսկ այն, որ Ռուսաստանը «մատի մեկ շարժումով» Հայաստանում կարող է ներքին գործընթացներ հրահրել՝ կասկածից վեր է:

Համենայնդեպս, Հայաստանի քաղաքական դաշտում անծայր հերթեր կգոյանան այդ նպատակին ծառայելու համար: ՀԱԿ-ի ու Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ բնականաբար, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ Վալենտինա Մատվիենկոյին թախանձագին խնդրում էր թույլ չտալ ՀՀ իշխանություններին իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Այսպիսով, առաջիկայում կարող են չնախատեսված զարգացումներ արձանագրվել ներքաղաքական կյանքում: Եթե ՈՉ-ի ճակատն ու սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող այլ խմբերը սկսեն «աննախադեպ զանգվածային միջոցառումներ կազմակերպել» ու դա նրանց հաջողվի, ապա կարելի է չկասկածել, որ գործի է դրվելու ռուսական նշված սցենարը, որը, հաջողության դեպքում, կարող է անգամ հասնել մինչև հեղաշրջման: Իշխանության մեջ ևս ռուսական սցենարին ծառայելու պատրաստ խմբերի պակաս չի զգացվի:

Կկարողանա՞ արդյոք իշխանությունը դիմակայել այս ճնշմանը և որ ավելի կարևոր է՝ ո՞ր տարբերակը կընտրի «սահմանադրական փոփոխություններ կամ ազատագրված տարաքծներ» երկընտրանքի դեպքում, դժվար է ասել: Առաջիկա շաբաթների իրադարձությունները կարող են տալ այդ հարցի պատասխանը:

 

Տեսանյութեր

Լրահոս