Ի՞նչն է մտահոգում Մոսկվային, որ Լավրովը գործուղվել էր Երևան

Ավարտվեց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անակնկալ աշխատանքային այցը Երևան, որի մասին հայտարարվեց նրա Երևան ժամանելուց ընդամենը երկու օր առաջ։ Այցի անսպասելի բնույթը լայն քննարկումների և հետաքրքրության առարկա դարձավ համացանցում, այնինչ ՌԴ ԱԳ և ՀՀ ԱԳ նախարարների տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, ըստ էության, շրջանցվեցին բոլոր ուշագրավ թեմաները, և նախարարները պարզապես անդրադարձան երկկողմ հարաբերություններին, իրենց բանակցություններին, պնդելով, թե դիտարկել են` ինչպես են իրականացվում երկու երկրների նախագահների պայմանավորվածությունները, ապա անդրադարձել են Սիրիայի հարցով Վիեննայում կայացած բանակցություններին և օրերս ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված հակահայկական զեկույցին, որը ներառվել է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում։

Մասնավորապես անդրադառնալով Վիեննայում կայացած բանակցություններին` Լավրովը նշեց, որ դրանք կարգավորման գործընթացի սկիզբն են, և դրական է, որ Վիեննայում առաջին անգամ հավաքվեցին բոլոր այն խաղացողները, որոնք այս կամ այն կերպ ազդում են Սիրիայում գործող տարբեր խմբավորումների վրա։ Ըստ նրա` բոլոր կողմերն էլ հասկանում են, որ պետք է դադարեցնել արյունահեղությունը` կողմերին նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ` համաձայնության գալով ոչ միայն` իրենց ճակատագրերի, այլ նաև` իրենց պետության ճակատագրի հարցում։

Նա նաև հստակեցրեց, որ ՌԴ-ն Սիրիան տեսնում է միասնական, ինքնիշխան և տարածքային առումով ամբողջական պետություն։ Լավրովի որակմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, որին ձգտում են ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ, Սիրիական հարցի հեշտ լուծումն է։ Նրա խոսքով` իրենց Արևմուտքի գործընկերները խուսափում են երկարատև դժվար աշխատանքից և մտածում են, որ Ասադի հրաժարականը հեշտությամբ կլուծի բոլոր հարցերը։

«Շատերը փորձում են Սիրիական հարցը ներկայացնել որպես շիաների և սուննիների հակամարտություն, ինչը կոպտագույն սադրանք է, որին ենթարկվում են մի շարք առաջնորդներ։ Ռուսաստանի Դաշնության համար գլխավոր խնդիրն այն է, որ ահաբեկիչները չգան իշխանության Սիրիայում»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։ Վերջինս տեղեկացրեց, որ ծրագրվում է առաջիկայում անցկացնել հերթական ընդլայնված կազմով հանդիպումը։ «Առաջիկա հանդիպման ընթացքում մենք պետք է քննարկենք երկու ցուցակ. առաջինը` Սիրիական ճգնաժամի հարցում ո՞ւմ պետք է համարել ահաբեկիչ, երկրորդը` Սիրիայում քաղաքական ընդդիմությունը պետք է համաձայնության գա սիրիական իշխանությունների հետ»,- ասաց Լավրովը։ Նրա խոսքով` այդ երկու ցուցակներից մեկի հարցում պետք է համաձայնություն ձեռք բերվի։

Կարդացեք նաև

Խոսելով օրերս ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված և ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված ադրբեջանամետ զեկույցի մասին, ՌԴ արտգործնախարարը խիստ քննադատության ենթարկեց այն. «Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրուկ կերպով դեմ ենք, որպեսզի ԼՂ հակամարտությունը, հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իր պատմությամբ իսկապես բարդ այս հարցը դուրս բերվի միջազգային հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում։ Նրանց նման գործառույթ միջազգային հանրությունը չի տվել։

Համանախագահներն աշխատում են կողմերի պայմանավորվածությունների հիման վրա, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից` եռյակը լիազորված կոլեկտիվ միջնորդ է ԼՂ հակամարտության հարցում, և ցանկացած կտրուկ արմատական գործողություն միայն վնասում է գործին, համանախագահների աշխատանքին, որոնք ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակային և կողմերի հետ մշտական շփումների մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով»։

Սակայն, ըստ փորձագիտական հանրության կարծիքների, Լավրովին Երևան են բերել մտահոգությունները և պաշտոնական Երևանի հետ մի շարք աշխարհաքաղաքական հարցեր հստակեցնելու անհրաժեշտությունը։ «168 Ժամի» հետ զրույցում «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Լավրովի երևանյան ասուլիսն ընդամենը նրա ՀՀ-ում ունեցած բանակցությունների այսբերգի գագաթն է։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը պարզ է` ԼՂ հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, որոնցում տեղաշարժ չկա, «Եվրասիական տնտեսական միություն» կոչվածի շրջանակում տեղի ունեցող գործընթացներ, այդ թվում` «Գազպրոմի» կողմից Հայաստանին գազի ծավալների մեծացման հետ կապված հարցեր, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են Վրաստանին գազի մատակարարման մեծացմանը, որովհետև հայտնի է, որ տարանցման համար Վրաստանին վճարվում է ոչ թե` գումար, այլ՝ գազի որոշակի ծավալ։ «Եթե մեծանում է ՀՀ մղվող գազի ծավալը, ապա ավտոմատ մեծանում է նաև դեպի Վրաստան մղվող ծավալը, և դա լինելու է ադրբեջանական գազի հաշվին, բնականաբար։

Բացի դրանից, կարևոր հարց է, որ Իրանը կբացվի աշխարհի համար, ինչ փոփոխություններ կբերի այդ նոր իրավիճակը տարածաշրջան, Ռուսաստանը չի ցանկանում զիջել իր դիրքերը։ Ըստ այդմ, օբյեկտիվորեն գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ դրանք ընդդեմ ռուսական կայսերական նկրտումների են։ Հավանաբար, պարոն Լավրովը շատ կարևոր հարցեր է ունեցել Հայաստանում լուծելու, կամ ինչ-որ կարևոր ուղերձներ է ունեցել, որ պետք է փոխանցեր ՀՀ իշխանություններին, ինչն էլ և արվեց։ Այն, ինչ ասվեց ասուլիսի ժամանակ, միայն այսբերգի գագաթն էր ջրի երեսին, իսկ հիմնական մասը չասվեց»,- ասաց Մեհրաբյանը։

Հարցին, եթե ռուսական կողմն ունի մտահոգություններ, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը որոշակիորեն անկախ արտաքին քաղաքականություն է վարում, նա պատասխանեց. «Եթե Հայաստանն ինքնուրույն քայլեր չձեռնարկի, ապա կմահանա, Հայաստանն ինքնասպան չէ, որ այդ քայլերը չանի և իրեն դատապարտի «մահվան», այլ բան է, որ այդ քայլերն անբավարար են, բայց այնուամենայնիվ անում են, դրա մասին Մոսկվայում տեղյակ են։ Կա և լինելու է այդ անկախության չափաբաժինը, այլ հարց է` բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, ազդո՞ւմ է ընդհանուր միտումների վրա, թե՞ ոչ»,- ասաց Մեհրաբյանը։

Իր հերթին` ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում Մոսկվայի տեսանկյունից խնդիրներ չկան։ «Պարզապես աշխարհում ստեղծված քաղաքական ճգնաժամերը ստիպում են գործընկերներին բանակցել, զրուցել շատ ավելի հաճախ ու անակնկալ կերպով, դա բնական է։ Որևէ արտառոց բան դրանում չեմ տեսնում, հատկապես, երբ նախարարներն իրենց ասուլիսում այդ մասին չեն խոսել։ Ըստ ամենայնի, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում` Իրանում, Ուկրաինայում, Սիրիայում, Թուրքիայում փոփոխվող իրավիճակի մասին, որն անդրադառնում է ավելի լայն տարածաշրջանի վրա, և Ռուսաստանը դրանից անմասն չի մնում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս