Բաժիններ՝

ՖԱՖ-ը արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի պատասխանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պատասխանել էր Առաջին հայկական ճակատի՝ ՖԱՖ-ի պահանջներին:

ՀՖՖ նախահագի պատասխանը լեցուն էր մեղադրանքներով: Պատասխանում Հայրապետյանը որոշակի մեադրանքներ է առաջադրել երկրպագուներին և առաջարկել է պահանջներ ներկայացնելու փոխարեն զբաղվել առք ու վաճառքով:

ՖԱՖ-ը պատասխանել է մեղադրանքներին հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրենց քայլի և պահանջներ ներկայացնելու պատճառը հավաքականի խայտառակ խաղն ու արդյունքն էր ընտրական այս փուլում: Երկրպագուները նշում են, որ իրենց առաջարկների նպատակը ծանրագույն վիճակից դուրս գալու ելքեր գտնելն էր, սակայն սրան ի պատասխան նրանք ստացան մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին:

Իրենց հայտարարությունում ֆաֆականներ նշում են, որ իրենց գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուները և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները:

«Չցանկանալով անդրադառնալ մեզ ուղղված սին մեղադրանքներին և մեր «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում՝ ուղղակի նշենք, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային և սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երևանից Եվրոպայի ցանկացած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, և ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաև արտագնա խաղերի ժամանակ: Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղևորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու:

Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից և մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով: Վերջին 2 ուղևորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետևանքով՝ ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով, մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ, ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:

Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին ու չեն, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի և սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին:

Հետագայում եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ մեր սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը և մուտքը մարզադաշտ, մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու ենք մեր երթը և պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս