Առաջին հայկական ճակատը կազմակերպում է երթ դեպի ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուական ամենամեծ շարժումը՝ Առաջին հայկական ճակատը (ՖԱՖ) կազմակերպում է երթ դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ կամ ինչպես իրենք են բնորոշում երկրպագուների 3 ցանկություն՝ ուղղված ՀՖՖ-ին: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո ՖԱՖ-ը ակնկալում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ հավաքականի ելույթների վերաբերյալ ամփոփիչ ասուլիս, որտեղ կխոսվեր նաև ՖԱՖ-ի պահանջների մասին: Ֆուտբոլի ֆեդերացիայից մինչ օրս չկա արձագանք:
ՖԱՖ-ի տարածած հայտարարության մասնավորապես նշված է.
«Մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ` դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին»:
ՖԱՖ-ը ունի 3 պահանջ, որոնց բավարարման համար պատրաստվում է ՀՖՖ-ին տալ 1 ամիս ժամանակ: Հասկանալով, որ 1 ամսում պահանջների ամբողջությամբ բավարարումը հնարավոր չէ՝ ՖԱՖ-ը նշում է, որ մեկ ամսվա ընթացքում ցանկանում է ստանալ պահանջների բավարարման երաշխիքներ:
ՖԱՖ-ի ներկայացրած առաջին պահանջը վերաբերվում է նոր մարզչին.
«Բոլորը տեսան մարզադաշտում մեր իրականացրած ակցիան Հայաստան – Ալբանիա հանդիպման ժամանակ: Մենք պահանջեցինք մարզիչ` այդ բառի ամբողջ իմաստով: Մեր առաջին պահանջն է, որ հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ մասնագետ արտերկրից, քանի որ գիտենք` հայազգի այն մարզիչները, ովքեր ունեն բարձր կարգ, մասնավորապես` Միշել Տեր-Զաքարյանը, Սերխիո Մարկարյանը, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են գալ հավաքական:
Մեր պահանջն է, որ հավաքականը փորձարկումների դաշտ չլինի, նոր մարզիչը լինի խարիզմատիկ, ճանապարհ անցած, անունով: Պարտադիր չի լինի շատ հայտնի մասնագետ, բայց լինի ճանապարհ անցած, որի անունը լսելիս, չսկսկենք ինտերնետում փնտրել նրա անունը»,-նշված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:
Երկրորդ պահանջը վերաբերում է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին: Երկրպագուները պահանջում են լուծել ոչ ֆուտբոլիային պատճառներով հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների հարցը:
«Մեր պահանջն է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր մինչ այս տարբեր կոնֆլիկտների պատճառով չեն հրավիրվել, մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները, կարողանան միանալ հավաքականին: Կարող ենք մի քանի անուններ թվել` Արտակ Դաշյան, Մաուրո Գևգեոզյան, Արթուր Եդիգարյան, Դենիս Թումասյան… Երկպրագուները ևս վիրավորվում են ֆուտբոլիստների որոշ արարքներից:
Մասնավորապես, հիշում ենք, թե ինչպես Սլովակիայի դեմ հանդիպումից առաջ, երբ պաշտպանի կարիք ունեինք, Դենիս Թումասյանը տարբեր պատճառաբանություններով մերժեց: Բայց ստեղծված իրավիճակում ցանկանում ենք տեսնել այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են օգտակար լինել հավաքականին»:
Երկրպագուների երրորդ պահանջը տոմսերի գների նվազումն է: Ըստ նրանց Հայաստանում Եվրոպական երկրներ համեմատ տոմսերը շատ թանկ են: ՖԱՖ-ը հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ստանում է 500-800 զեղչված տոմս: Երկրպագուները պատրաստ են հրաժարվել իրենց զեղչված տոմսերից, բայց դրա փոխարեն պահանջում են նվազեցնել տոմսերի սակագները: Շատ շրջագայելով հավաքականի հետ և տեսնելով՝ ինչպիսի տոմսային քաղաքականություն է օգտագործվում արտերկրում՝ ՖԱՖ-ը կարող է առաջարկել մոդել, որի դեպքում հարավային ու հյուսիսային տրիբունաները ևս լիքը կլինեն: Հավաքականի վերջին խաղերում այս տրիբունաները լիքն են եղել միայն Պորտուգալիայի հետ խաղում:
Առաջիկա օրերին պատասխան չստանալու դեպքում ՖԱՖ-ը կկազմակերպի երթ դեպի ՀՖՖ, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին ժամը 18.00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից:
Սիրարփի Աղաբաբյան