Բաժիններ՝

Հիմնադիր խորհրդարանը հորդորում է Վոլոդյա Ավետիսյանին դադարեցնել հացադուլը

«Սիրելի Վոլոդյա
Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն չունեն, ուստի նրանց կառավարման պարագայում վերջնական արդյունքի չես հասնելու քո առողջությանը վնասող այդ ծայրահեղ քայլով:

Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը ասածիս ամենաթարմ ապացույցն է: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլն արդեն տվել է շատ ավելի ցանկալի արդյունք քո զինակիցների և մեր ժողովրդի շրջանում: Մարդիկ մեկ անգամ ևս հիշեցին, որ ազատամարտիկներն անտեսված են, իսկ ժողովուրդը՝ իրավազրկված ու կեղեքված:

Դու օգնեցիր նաև մեր երկրի ազատագրման գործում ժողովրդի համախմբմանը, քանի որ այս օրերին մենք պատրաստվում ենք մեր հայրենակիցներին ոտքի հանել, որպեսզի նրանք դեկտեմբերի 1-ին, ժամը 18-ին հավաքվեն Ազատության հրապարակում և համազգային հանրահավաքի այդ վայրում որոշեն, թե ինչպես ենք հեռացնելու Սերժին ու նրա բանդային և ինչպես ենք կառուցելու Նոր Հայաստանը, որի համար կյանք և արյուն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, այդ թվում՝ նաև դու:

Այս ամենը հաշվի առնելով՝ հորդորում եմ դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել, քանի որ շուտով մենք շատ մեծ գործեր ունենք անելու մեր երկիրն ազատագրելու և շենացնելու ուղղությամբ: Խնդրում եմ նաև իմ հորդորը փոխանցիր քեզ հետ միասին հացադուլ անող մյուս ընկերներին, որպեսզի նրանք նույնպես լցվեն արդարության մոտալուտ հաղթանակի նկատմամբ հավատով և դադարեցնեն հացադուլը»:

 Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս