Ծիածան՝ ափսեում. ինչ է ասում մթերքի գույնը նրա օգտակարության մասին
Kitchenmag.ru կայքը գրում է, որ մթերքի գույնը նրա օգտակարության մասին որոշակի տեղեկություններ է հաղորդում:
1. Կարմիր: Կարմիր գույնի մթերքները բարձրացնում են ախորժակը և նպաստում ստամոքսահյութի արտադրությանը: Սովորաբար այս մթերքները շատ համեղ են լինում: Լոլիկ, ելակ, բուլղարական բիբար, բազուկ, բողկ, միս, գինի, ազնվամորի, բալ… ախորժաբեր ցանկը կարելի է անվերջ շարունակել: Կարմիր գույնի մթերքները հիմնականում առանձնանում են բարձր սննդարարությամբ: Դրանք դրականորեն են ազդում իմունային համակարգի վրա, վերականգնում են էներգիան, օգնում բարձրացնել օրգանիզմի տոնուսը: Կերեք կարմիր գույնի մթերքներ, եթե ցանկանում եք ազատվել օրվա ընթացքում կուտակված հոգնածությունից: Բացի այդ՝ կարմիր գույնի շատ մթերքներ լիկոպեն հակաօքսիդանտի աղբյուր են: Այն ամրացնում է սիրտ-անոթային համակարգը և դրական ազդեցություն ունենում սրտի և անոթների աշխատանքի վրա:
2. Կանաչ: Մրգերի և բանջարեղենի մեծ մասը հենց կանաչ գույնի են: Դրանք վիտամինների, հանքանյութերի և այլ օգտակար միջոցների մեծ աղբյուր են: Հենց այդ պատճառով էլ այս գույնն ասոցիացվում է ամուր իմունիտետի, առողջության, վիտամինների և թարմության հետ: Կանաչ գույնի մթերքները հիանալի են տրամադրությունը բարձրացնելու համար: Այն օգնում է նաև գլխացավերի, միգրենի դեպքում: Ձեր սննդակարգը կարող եք հարստացնել կանաչ գույնի մթերքներով՝ խնձոր, վարունգ, տանձ, բիբար, կաղամբ, ավոկադո, կիվի, խաղող, կանաչի, լոբի և այլն: Այս կերպ կամրացնեք իմունիտետը, վարակները և ինֆեկցիոն հիվանդությունները:
3. Դեղին: Այս գույնի մթերքները մի շարք հատկություններ ունեն, որոնք դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա: Դեղինը լավացնում է ուղեղի աշխատանքը, նպաստում է ինֆորմացիայի առավել լավ յուրացմանը, բարձրացնում է տրամադրությունը, ազատում է հոգնածությունից: Այն օգտակար է նյութափոխանակության համակարգի աշխատանքի համար, նորմալացնում է քաշը և ազատում փորկապությունից: Այն վիտամին C-ի մեծ աղբյուր է: Մեղր, պանիր, ձվի դեղնուց, գարեջուր, բանջարեղեն, դեղին գույնի մրգեր… ահա մթերքների ցանկը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Դեղին գույնի մթերքները շատ սննդարար են, համեղ: Դրանց շարքին են պատկանում անանասը, բաբանը, մանգոն, կիտրոնը: Իսկ դեղին գույնի համեմունքները կօգնեն պայքարել օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ:
4. Նարնջագույն: Սրանք լավացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը, դրական ազդեցություն են ունենում երիկամների վրա, ամրացնում իմունիտետը: Բոլոր նարնջագույն մթերքները շատ համեղ են: Դրանցից կարելի է պատրաստել բազմաթիվ ճաշատեսակներ, դրանք են՝ գազար, նարինջ, պապայա, դդում, ծիրանի չիր… օգտակար են և համեղ: Դրանք պարունակում են բետա-կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Այն լավացնում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը:
5. Շագանակագույն: Այս գույնի մթերքներն այդքան էլ շատ չեն: Սակայն այն մթերքները, որոնք հենց այս գույնի են, բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն: Դրանք են հացը, հնդկաձավարը, ձավարեղենը, կակաոն, սուրճը: Շագանակագույն մթերքներն օգնում են հսկել շագանակագեղձի աշխատանքը, դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր և ֆիզիկական հատկությունների վրա, լավացնում են տեսողությունն ու լսողությունը: Բացի դա, դրանք էներգիա են տալիս:
6. Կապույտ: Կապույտ գույնի մթերքներն այնքան էլ համեղ չեն, սակայն դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա պետք չէ թերագնահատել: Այս գույնի մթերքները հանգստացնում են և թուլացնում: Այս գույնի մթերքները ներառեք սննդակարգի մեջ, եթե ունեք անքնություն և քրոնիկական հոգնածություն: Դրանք օգնում են ազատվել աղեստամոքսային հատվածում տհաճ զգացողություններից: Խաղող, սև հաղարջ, մոշ, հապալաս… կարող եք ներառել սննդակարգի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը