«Եվրախորհրդարանում հակահայ որոշում կայացնողին կարելի էր տաբուրետկայի վրա նստեցնել»
2016թ. բյուջեն զուսպ ու տխուր բյուջե է։ Նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՝ այս բյուջեի դրական կողմն այն է, որ կառավարությունը ժողովրդահաճո մտքեր չի տեղադրել, նման մոտեցումը, նրա կարծիքով, ավելի ցանկալի է, քան, եթե ապակողմնորոշիչ մոտեցումներ լինեին: «2015թ. կտրվածքով արդեն իսկ ունենք ֆինանսական լարվածություն, և կա հավանականություն, որ չենք կարողանա գոնե նախատեսված, օրենքով ամրագրված մակարդակներն ապահովել: Ելնելով այս իրավիճակից՝ 2016. բյուջեի նախագիծն ավելի զուսպ է ներկայացված: Իսկ «սոցիալական բյուջե» որակումից պետք է աստիճանաբար հրաժարվենք, որովհետև մեզ նման երկրների համար բյուջեն հենց պետք է սոցիալական բնույթ կրի այն պատճառով, որ եղած ֆինանսական միջոցները հազիվ հերիքում են սոցիալական տարբեր խնդիրներ (ոչ մեծ ու ոչ բարդ) լուծելու համար:
Մասնավորապես, միայն այն հանգամանքը, որ բյուջետային աշխատողների աշխատավարձը, կենսաթոշակային մակարդակները և այլն, չեն բարձրանալու 2016թ., նշանակում է, որ մենք մեծագույն դժվարությամբ իբր պետք է ապահովենք այն, ինչ կա: Սա արդեն ինքնըստինքյան պարտադրված երևույթ է, իսկ «սոցիալական» ասում ենք այն պարագայում, երբ լինում են ճոխ ծախսեր։ Իհարկե, ես գիտեմ, որ իշխանությունների ծախսերը ճոխ են, այդ ծախսերի մասին չէ խոսքը։ ՀՀ-ում հարկային մուտքերի 72%-ը ձևավորվում են քաղաքացիների կողմից վճարված հարկատեսակներից: Այսինքն՝ ստացվում է այսպես՝ պահում եք ձեզ՝ պահեք, չեք պահում՝ մի պահեք:
Իհարկե, հասկանալի է, որ չունենալով ռազմավարական բնույթի ռեսուրսներ, ՀՀ քաղաքացիներս կարող ենք բացասաբար չնայել այս ամեն ինչին, այդուհանդերձ, քաղաքացիները սարսափելի դուրս են գալիս հավասարակշռությունից և վատատեսորեն են տրամադրվում, երբ տեսնում են՝ իշխանությունը դիմում է ահավոր ճոխ ծախսերի: Ով չի ալարում՝ պետության հաշվին մեքենա է ունենում, եվրովերանորոգում է անում։ 2015թ. մինչև 200 մլրդ դրամ տարբեր ծառայությունների համար գումար են ծախսել»:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ բյուջեն սոցիալական է և իրոք, զարգացման բյուջե համարել չի կարելի. «Բյուջեն արտացոլումն է երկրում ընդհանուր տնտեսական վիճակի։ Ցավոք, տնտեսության զարգացումը տեղի չի ունենում այն տեմպերով, ինչով որ մենք կերազեինք: Մեր զարգացումը զսպող պատճառները շատ են։ Բոլոր երկրների բոլոր իշխանություններին կարելի է մեղադրել որոշակի թերացումների մեջ»:
Ըստ Մ. Բադեյանի՝ բյուջեն կազմելը մի գործընթաց է, որտեղ կառավարությունը պետք է նախանշի զարգացման առաջնահերթությունները և ըստ դրա՝ կատարի ֆինանսական միջոցների բաշխում. «Բյուջեն բալանս է, և փորձում ենք եղած հնարավորությունները բաշխել։ Մեր ռեսուրսները սակավ են, դրա համար բոլոր ոլորտներից էլ պետք է ստանանք քննադատություններ:
Ինչ վերաբերում է վարչական ծախսերին, ապա դրանք միշտ էլ քննադատելի են։ Նույնիսկ այն պարագայում, եթե մարդիկ աթոռ էլ չունենան նստելու ու իրենց համար աթոռ գնեն, էլի կասեն՝ շատ է։ Անձամբ ես վարչական ծախսերին միշտ դեմ եղել և կողմ եմ եղել դրանք կրճատելուն, բայց ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ 2015թ. մեծ շռայլություններ չեն արվել: Ես նրա կողմնակից եմ, որ լավ ապրող մարդիկ շատ լինեն»:
Այս դիտարկմանը Վ. Բոստանջյանն արձագանքեց. «Պարոն Բադեյան, բայց ո՞ւմ հաշվին լավ ապրեն: Դու գնա քո հաշվին լավ ապրի, եկել ես բուդկայի վաճառողի հաշվի՞ն ես լավ ապրում: Օրինակ՝ ինչո՞ւ ձեզ չենք կարող մեղադրել, որովհետև հնարավոր չի, չէ՞, որովհետև ձեր բարեկեցության հարցերը դուք եք լուծում, ոչ թե ուրիշից եք վերցնում»:
Մ. Բադեյանը պատասխանեց, որ ինքը պետական ծառայող չէ. «Եթե լինեի պետական ծառայող, պետք է ունենայի անհրաժեշտ ծավալն իմ աշխատանքը կազմակերպելու համար: Ներկայացուցչական տեղեր պետք է ունենա՞նք, թե՞ ոչ: Տաբուրետկայի վրա հո չե՞ն նստելու»:
«Այ, օրինակ, Եվրախորհրդարանում հակահայ որոշում կայացնողին կարելի էր տաբուրետկայի վրա նստեցնել»,- նկատեց Վ. Բոստանջյանը:
Մ. Բադեյանն էլ ասաց. «Այդ մարդուն շատ բաների վրա կարելի էր նստեցնել»: