«Հարկային օրենսգիրքը պետք է համահունչ լինի տնտեսության զարգացման ապագային». Գագիկ Խաչատրյան

Մեր զրուցակիցն է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, Հարկային օրենսգրքի հետ կապված մեծ դժգոհություն կա, որ այն նախապես չի քննարկվել գործարարների հետ, հատկապես` ՓՄՁ-ների շրջանում է բողոքը շատ: Ինչո՞ւ նախքան կառավարության հավանության արժանանալը այն չեք քննարկել գործարարների հետ:

– Մենք հիմա նախագիծը ներկայացրել ենք, քննարկումները նոր են սկսվում: Նախագիծը հենց նրա համար է, որ քննարկումներ սկսվեն: Փոքր ու միջին ձեռնարկությունները, մեր կարծիքով, անսպառ են, քննարկում ես տասի հետ, հետո գալիս է մյուս տասը, հետո գալիս է հաջորդ տասը: Եվ դրանցից շատերը, շրջանառության հարկի քննարկումների ժամանակ տեսանք, որ կոմպետենտ չեն: Այսինքն` մենք պետք է քննարկենք այն միությունների հետ, որոնք կոմպետենտ են, այլապես քննարկումները կդառնան անվերջ:

Մեր՝ Ֆինանսների նախարարության կայքում նախագիծը դրված է, բոլորը կարող են ուսումնասիրել, հարկային խորհրդի նիստերը բաց են ու թափանցիկ, բոլորը կարող են մասնակցել ու քննարկել: Խնդիրը վերաբերում է նրան, որ շատերը ցանկանում են Հարկային օրենսգրքի մի կարևոր դրույթում ինչ-որ բաներ փոխել, որ միություններում կարողանան ասել, թե` տեսեք, ինչ-որ բան փոխեցինք, իսկ մենք պատրաստ չենք նման փոփոխությունների: Պետք է դիմացի կողմը և երկու կողմն էլ իրար լսելու կարողություններ ունենան և լուրջ փոփոխություններ կարողանան առաջարկել: Իսկ միությունները, նրանք, ովքեր ունեն իրենց անձնական շահերը կամ միության նեղ շահերը, գործին խանգարում են:

Կարդացեք նաև

– Այսինքն` եթե լինեն նորմալ առաջարկներ, պատրա՞ստ եք ընդունել:

– Իհարկե, բնականաբար: Մենք լայն քննարկման շրջանակ ենք նախատեսում՝ ԱԺ պատգամավորներ, տնտեսվարողներ, միություններ, դրա համար էլ նախագիծը դրել ենք շրջանառության մեջ: Միջազգային կառույցների հետ և կառավարությունում մենք ընդամենը հաստատել ենք օրենսգրքի նախագիծը:

– Ըստ Ձեզ` ի՞նչ կփոխի Հարկային օրենսգիրքը բիզնեսի կյանքում:

– Առաջին նպատակը հարկային եկամուտների բարձրացման խնդիրն է, երկրորդը` միջավայրը փոխել այնպես, որպեսզի այն նպաստի տնտեսության զարգացմանը: Հարկային օրենսգիրքը պետք է համահունչ լինի տնտեսության զարգացման ապագային: Այն շատ լուրջ փոփոխություններ կբերի` և՛ օրենսդրական պարզ ընթացակարգեր, և՛ այն դրույթները, որոնք տնտեսության զարգացմանն են խանգարելու` կվերանան, և Հարկայինում մենք այդ միասնական հաշվի գաղափարն ենք մտցնում, որը շատ լուրջ, հեղափոխական փոփոխություն է, այսինքն` բիզնեսի հետ ընդհանրապես հարկային մարմնի շփումները դառնում են գրեթե զրո:

Շատ ծավալուն, մեծ գործ է, որտեղ 20 տարվա ամբողջ օրենսդրությունը վերլուծված է, միջազգային փորձը, հաշվի են առնված տարածաշրջանային առանձնահատկությունները, և նախագիծ է ներկայացված, որ քննարկում լինի:

– Օրենսգրքի ընդունումից հետո որքա՞ն ժամանակ նոր փոփոխություններ չեն արվի, քանի որ բիզնեսը շատ է դժգոհում հարկային դաշտի անկայունությունից և օրենքների հաճախակի փոփոխություններից:

– Նախատեսված է, որ ցանկացած փոփոխություն պետք է դրա ուժի մեջ մտնելուց 1 տարի առաջ արվի: Այժմ այդ ժամկետը 6 ամիս է, բայց դա մենք նախատեսում ենք երկարատև հատվածի համար, որ նաև կառավարելի ու կայուն իրավիճակ ստեղծվի` և՛ ներդրումային տեսակետից, և՛ տնտեսվարողների համար: Սա շատ լուրջ փաստաթուղթ է:

– Գործարարները, դժգոհում են, մասնավորապես, ԱԱՀ շեմի նվազեցումից, որը 115 մլն-ից դառնալու է 40 մլն:

– Իհա՛րկե պետք է դժգոհեն: Աշխարհում մի երկիր չեք գտնի, որտեղ շեմն այդքան բարձր է: Մեր նախընտրելի շեմը, որի հաշվարկային միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունը կա՝ 30 մլն-ի շեմն է: Իսկ մենք 115 մլն էինք ընտրել` հաշվի առնելով տնտեսական իրողությունը, սոցիալական վիճակը, բայց դա ժամանակի խնդիր էր:

– Բայց դա ավելի կբարդացնի բիզնեսի վիճակը:

– Ո՞ր բիզնեսի:

– Փոքր ու միջին ձեռնարկությունների:

– Մենք բազմիցս կրկնել ենք, որ աշխարհում ՓՄՁ-ների հիմնական խնդիրն այն է, որ դրանք լուծում են զբաղվածության խնդիր, ոչ թե պետք է այնտեղ մեծ գումարներ ակնկալել: Այդ ՓՄՁ-ները, զբաղվածություն ստեղծելով` պետք է կամաց-կամաց կառավարությունը, պետությունը միջոցներ ստեղծի, որ ՓՄՁ-ները զարգանալով` գան միջին դաշտ և այնտեղ սկսեն արդեն մտածել գումարներ վաստակելու մասին:

ՓՄՁ-ներն աշխարհում մեծ ՀՆԱ են ստեղծում և մեծ զբաղվածություն են ստեղծում, իսկ մեզ մոտ` հակառակը, ուզում ենք, որ մարդիկ շատ փող աշխատեն: Մեր գաղափարախոսությունը տարբեր է: Իսկ շեմը բարձրացվեց նրա համար, որպեսզի սոցիալական այս վիճակում տնտեսվարողները կարողանան իրենց սոցիալական խնդիրները լուծել: Բայց դա չի կարող անվերջ շարունակվել: Դա նշանակում է` մեծացնել այն դաշտը, որտեղ առավել ևս թղթի պահանջն առաջնային չէ: Դա անթույլատրելի է, չի կարելի նման բան:

– Դժգոհում են նաև այն փոփոխությունից, որ ՀԴՄ կտրոններն այլևս որպես ծախս չեն ընդունվելու:

– Բայց ո՞վ է նման բան ասում, մենք չենք լսել նման բան: Ընդհանրապես բիզնեսը պետք է բողոքի. երբ որ Հարկայինից չբողոքի, իմացեք, որ հարկային մարմինը լավ չի աշխատում: Կարևորն այն է, թե այդ բողոքի իմաստը, բուն էությունն ի՞նչ է, տրամաբանակա՞ն է, ճի՞շտ է, թե՞ սխալ: Տնտեսվարողն ասում է՝ ինձ տվեք լայն իրավունքներ, բայց ինքն իր պարտականությունները չկատարի, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի:

Մենք պետք է կարգը պահենք: Այս վերջին տարիների փոփոխություններն ինչի՞ համար են: Նրա համար են, որ տնտեսվարողն ազատ աշխատի, խոչընդոտներ չլինեն: Հիմա մեր գանգատարկումների հանձնաժողովում, դատարաններում Դուք մի հատ լուրջ բողոք լսած կա՞ք, որտեղ հարկային կամ մաքսային մարմիններն օրենքին հակասող գործողություններ են արել: Մենք բոլոր դաշտերը ստեղծել ենք, որ տնտեսվարողները կարողանան իրենց շահերը պաշտպանել: Մեր գանգատարկումների հանձնաժողովում հարցերի 70-80%-ն ի օգուտ բիզնեսի է լուծվում:

– Դա չի՞ նշանակում, որ բողոքներն արդարացի են:

– Եթե արդարացի է, և մեզ մոտ իրենք չեն կարողանում բավարարված լինել, դրա համար կան դատական ատյաններ, բայց բողոքների այն շղթան, որը վերաբերում է լրացուցիչ արտոնություններ ձեռք բերելուն, ես կարծում եմ, որ ճիշտ չի մեր երկրի համար, առավել ևս` նման վիճակում:

– Բիզնեսի մշտական բողոքներից մեկն էլ այն է, որ անկախ նրանից՝ օրենքները լա՞վն են, թե՞ վատն են, հարկային տեսուչները մնում են նույնը ու նույն վարքագիծն են դրսևորում: Գործարարները նրանց անվանում են «տեռորիստի հոգեբանությամբ տեսուչներ»:

– Մնում են նո՞ւյնը. Դուք գիտե՞ք, թե որքան փոփոխություններ են կատարվում: Հիմա գանք նրան, թե մենք ինչ ենք անում: Մեզ մոտ ամբողջ որակավորման գործընթացը երևի թե միակն է, որ ամբողջն էլեկտրոնային է: Հիմա որակավորման ու ատեստավորման ժամանակ հարկային տեսուչն ինքը գրավորը գրում է, և էլեկտրոնային համակարգն իրեն պատասխանում է: Նույնն ընդունելություններն են, մենք չենք կարող մեկ օրում ամբողջ համակարգը վերաձևակերպել, վերադասավորել, բայց այս տարիների ընթացքում, Դուք եթե ուշադիր նայեք, մենք ունեինք 57 հարկային տեսչություն ՀՀ-ում, հիմա ունենք 21-ը:

Պատկեացնո՞ւմ եք: 5 տարվա օպտիմալացման ծրագիր ունենք, օպտիմալացրեցինք, դրա մեջ 200-ից ավելի բաժիններ լուծարեցինք, բազմաթիվ հարկային տեսուչներ դուրս մնացին համակարգից, ու այդ գործընթացը շարունակում ենք, օպտիմալացնում ենք, բաժինները կրճատում ենք, ավելորդ փաստաթղթաշրջանառությունը դուրս ենք բերել: Եվ հիմա մեր երկրի հարկային ու մաքսային մարմինների համակարգը լավագույններից է, և եվրոպական ու տարածաշրջանային երկրները գալիս են մեզ մոտ և ցանկություն ունեն իրենց մոտ ներդնելու:

Այս բոլորը հնարավոր չէ կատարել միանգամից: Մենք ուսումնական կենտրոնը ստեղծել ենք, որպեսզի կարողանանք նաև մեր մարդկանց, մեր աշխատակիցներին կրթել: Կրթական այդ պրոցեսներն անցնելուց հետո, եթե ինքը չի բավարարում այդ պահանջներին, ինքը գնում է դեպի կոշտ ատեստացիա, եթե այնտեղ էլ չի կարողանում անցնել, դուրս է մնում համակարգից: Այսինքն` այդ մեխանիզմները դրված են, և այդ կրթական, ուսումնական համակարգում մենք հիմա մեր մաքսային սահմանային անցակետերում, երբ նորերը գործարկվեն, 200-ից ավելի երիտասարդներ ենք ընդգրկելու, որտեղ կոշտ պայմաններում իրենք 4 ամիս ընթացակարգեր են անցնելու, և սահմանային անցակետերի շահագործման անցնելուց հետո, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո աշխատողներին 70-80%-ով փոխելու ենք:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հարկային օրենսգրքով արտոնություններ չեն նախատեսվելու, այլ առանձին սուբսիդավորման մեխանիզմ է կիրառվելու: Ի՞նչ է սա նշանակում:

– Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում հարկային արտոնություններն անթույլատրելի են: Մենք հիմա 360 մլրդ-ի արտոնություն ունենք մեր երկրում, բյուջեի 1/3-րդն արտոնություն է: Դրա համար պետք է համապատասխան խնդիրները լուծվեն բյուջեի միջոցով: Այսինքն` ոչ թե արտոնություն տրվի, այլ գումարները բերվեն բյուջե և պետական բյուջեից արդեն եղած սոցիալական և տարբեր բնույթի խնդիրները սուբսիդավորվեն:

– Հարկային օրենսգիրքը ԵՏՄ օրենսդրության հետ համաձայնեցվա՞ծ է:

– Մեր բոլոր օրենքները, որ ԵՏՄ շրջանակներում կան, պետք է համադրելի լինեն և համաձայնեցվեն, իսկ նրանք, որոնք մեր իրավասություններն են, համաձայնեցման խնդիր չունեն։

Տեսանյութեր

Լրահոս