«Ինչպես է եղել, որ այդ մարդը նստել է ղեկին». Էդուարդ Հովհաննիսյան

Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 26 տուժած այժմ գտնվում են բժշկական կենտրոններում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ Ուզլովայա բնակավայրի բժշկական հաստատությունում դեռևս գտնվում է 15 տուժած, նրանից 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 2-ը՝ ծանր:

Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ ծանր վնասվածքներ ստացած քաղաքացիները գտնվում են Ուզլովայա բժշկական կենտրոնում, 8-ը՝ գտնվում է այլ բժշկական կենտրոնում, նրանց վիճակը համեմատաբար ավելի կայուն է, 3-ը գտնվում են Նովոմոսկովսկի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ դեռևս կան տուժածներ, որոնց միայն ազգանուններն են ճշտված: Նա նշեց, որ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ ՌԴ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել՝ ինչն է եղել ավտովթարի պատճառը. ԶԼՄ-ներում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, դիտարկվում են վարորդի անզգուշությունը, տրանսպորտային միջոցի անսարքությունը, արտաքին գործոնների ազդեցությունը: Նա նշեց նաև, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և նման այլ հարցեր վերաբերում են տեղափոխող կազմակերպություններին և պետական լիազոր մարմիններին, բայց ոչ ԱԻՆ-ին: Հ. Խանգելդյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ տվյալների համաձայն՝ ավտոբուսում եղել է 63 մարդ, որոնցից երկուսը վարորդներ են, ուղևորներից մի քանիսը չեն տուժել, հեռացել են դեպքի վայրից, բուժհաստատություն չեն դիմել, նրանց տվյալները ճշտվում են: Նա հայտնեց նաև, որ դեպքի օրը եղանակը պարզ է եղել, դրական ջերմաստիճան է եղել. «Տեսանելիության պակասի, մերկասառույցի հետ կապված որևէ խնդիր այստեղ չէր կարող լինել»:

Հ. Խանգելդյանի խոսքով՝ նման խոշոր դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք տարբեր պատճառներով են լինում. «Եղել են դեպքեր, երբ վարորդներն են հոգնած եղել, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը վարորդի քնելն է եղել, եղել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցն է անսարք եղել, կամ օդերևութաբանական պայմանները թույլ չեն տվել անվտանգ երթևեկություն կատարել:

Գործոնները տարբեր են, տարբեր երկրներում տարբեր պատահարների վերլոծություններում միմյանցից էապես տարբերվող եզրակացություններ են տրվել մասնագետների կողմից»: Նա հայտնեց նաև, որ 2015թ. 6 նման պատահար է եղել, երբ մեր քաղաքացիները տուժել են Վրաստանի Հանրապետության, ՌԴ տարածքում, 14 անձ զոհվել է, 68-ը՝ տուժել:

Կարդացեք նաև

«Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ ոչ մի տեղեկություն չկա. «Ընդամենն ասում են, որ վարորդը կոնտուզիա տարած է եղել: Թող նայեն, տեսնեն, թե ինչպես է եղել, որ այդ մարդը նստել է ղեկին»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ոլորտում կարգավորումների բաց տեսնո՞ւմ է, նա նշեց, որ այդ ոլորտով իրենք չեն զբաղվում, իրենց կանոնադրական խնդիրն է` վարորդ-Ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները, նմանատիպ խնդիրներով վարորդներից բողոքներ, դիմումներ չեն ստացել: Միևնույն ժամանակ նա կարծիք հայտնեց, որ վարորդների նկատմամբ խիստ մոտեցում պետք է լինի. «Շատ խիստ մոտեցում պետք է լինի, վարորդի առողջական, անգամ հոգեկան վիճակը պետք է շատ կայուն լինի, ոչ թե կախված լինի իրադրությունից, նյարդերը պետք է ամուր լինեն, բարեհամբույր պետք է լինեն»:

Նշենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 03-ի սահմաններում, Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսի վթարի դեպքով ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում` տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ, վարորդների և մյուս աշխատակիցների անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, հարցաքննվել են հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման և սպասարկման համար պատասխանատու անձինք: Գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով պատկան մարմիններին կատարվել են հարցումներ և պահանջվել համապատասխան փաստաթղթեր:

Ավտոբուսի վարորդի լուսանկարը ՎԱՀԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս