Բնապահպանության ոլորտին հատկացվող բյուջեն նվազել է
Հաջորդ տարի բյուջեից բնապահպանության ոլորտի գծով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 924.6 մլն դրամ` 2015 թ. հաստատված 3 մլրդ 217.9 մլն. դրամի դիմաց: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց, որ մի քանի ծրագիր ավարտվել է և դրանով է պայմանավորված նվազումը:
Հանրապետության ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի համար նախատեսվում է հատկացնել 160.7 մլն դրամ` 2015 թ. հաստատված 154.3 մլն դրամի դիմաց, Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար՝ 125.4 մլն դրամ` 2015 թ. գումարի չափով, բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության ապահովմանն ուղղված ծրագրերի համար՝ 856.9 մլն դրամ` 2015թ. 850.3 մլն դրամի դիմաց, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայությունների համար՝ 45.3 մլն դրամ, 2015 թ. 44.5 մլն դրամի դիմաց: