Հարավային Սուդանի ավիավթարի զոհերի թիվը հասել է 41-ի. Reuters
Ինչպես հայտնում է Reuters-ը, այսօր առավոտյան Հարավային Սուդանի Ջուբայի օդանավակայանի մերձակայքում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 41-ի:
Գործակալությունը հղում է կատարում ականատեսի ու Հարավային Սուդանի նախագահի խոսնակ Աթենի Վեկ Աթենիին:
Վերջինս հայտարարել է գործակալության հետ զրույցում, որ փրկվել է մեկ երեխա ու ուղևորներից մեկը:
Նշվում է, որ ինքնաթիռը վայր է ընկել Սպիտակ Նեղոս գետի մոտ:
«Ինքնաթիռում գտնվել է մոտ 20 մարդ, ներառյալ անձնակազմն ու «մոտավորապես» 10-15 ուղևոր»,- ասել է Աթենին՝ ընդգծելով, թե դեռ պետք է ճշտվի, թե քանի մարդ է եղել բեռնատար ինքնաթիռում:
Ի հավելումն, նա հայտնել է, որ հայտնի չէ այն մարդկանց թիվը, ովքեր մահացել են ինքնաթիռի ընկնելու վայրում՝ ֆերմայի տարածքում, ձկնորսությամբ զբաղվելիս:
«Մենք չգիտեն, թե քանի մարդ է մահացել ձկնորսություն անելիս»,- հավելել է նա:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել անունը, հայտնել է, որ մահացել է 41 մարդ: Reuters-ի ականատեսի խոսքով՝ ինքը 41 մարմին է տեսել: