Ինչ ցուցմունք է տվել Ռուբեն Հայրապետյանը ծեծված ազատամարտիկի հետ առերեսման ժամանակ. պատմում է Սմբատ Հակոբյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերեսումն անցել է աշխատանքային միջավայրում, որևէ ճնշում, բռնություն չի եղել: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սեպտեմբեր 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ քանի որ Ռ. Հայրապետյանի տված ցուցմունքները նախաքննական գաղտնիքներ են, իրենք չեն կարող ներկայացնել դրանք. «Մենք ձեռնպահ կմնանք Ռուբեն Հայրապետյանի տված ցուցմունքներից»:
Ազատամարտիկ Ս. Հակոբյանը, այնուամենայնիվ, նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը առերեսման ժամանակ նշել է, որ Ս. Հակոբյանի հայտարարությունները ստահոդ մատնություններ են. «Որի հետ մենք, իհարկե, համաձայն չենք եղել, ու պնդել եմ իմ նախկին հայտարարությունները»:
Ս. Հակոբյանը նշեց, որ փորձ է եղել ինչ-որ ձևով ապատեղեկատվություն տարածել, որ սա կենցաղային խնդիրների հետ կապված վեճ է: «Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրես չի եղել: Հաջորդ փուլում իրենք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, որ իբր ես Հանրապետության գործող նախագահի հասցեին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»:
Խոսելով այն հեռախոսային խոսակցության ձայնագրության մասին, որն անցյալ ագամ Ս. Հակոբյանը ներկայացրել էր, ազատամարտտիկն ասաց, որ դա զուտ նախաքննական պրոցես է ու հրաժարվեց այդ թեմայով խոսել:
168.am-ի հարցին՝ արդյոք այդ ձայնագրոթյունը չի՞ հանձնվել իրավապահ մարմիններին, Ս. Հակոբյանը պատասխանեց, որ չի հանձնել, ու իրավապահ մարմինների խնդիրն է ձայնագրությունը գտնելը, ոչ թե իր:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ առերեսումը, ինքը Ռ. Հայրապետյանի հետ հանդիպում չի ունեցել, ինչպես ներկայացնում են. «Իհարկե, ոչ, հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Որոշ «վայ» լրատվամիջոցներ փորձեցին ինչ-որ մեկի պատվերով իմ անձի և մեր տեսակի վրա ցեխ շպրտեն, թե ինչ-որ գումար է առաջարկվել: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որևէ մեկը չի կարող փաստի, որ ես որևէ մեկի հետ բանակցել եմ, կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարել հանդիպելուց»:
Ս. Հակոբյանի գնահատմամբ՝ պաշտոնատար անձինք, ոստիկանությունը և քննչական մարմինը պատշաճ իրենց գործը կատարում են:
Նա նաև հերքեց այն տեղեկությունները, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է պահանջել. «Ինչպե՞ս կարող եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջել, հիմքեր պետք է լինի, ինչի՞ համար պահանջեմ»: Ազատամարտիկը համոզված է, որ «հանրապետության առաջին դեմքը»՝ Սերժ Սարգսյանը այս ամենի հետ որևէ կապ չունի:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք որևէ մեկի հետ այս հարցով բանակցային գործընթացի մեջ չեն մտնելու. «Ո՛չ Սմբոն, ո՛չ իր ընկերները, կուտը չեն ուտում, որևէ մեկս ծախվող չենք»: