Ով է Ֆիլիպ Վարդանի Էկոզյանցը. Պատկան մարմինները պարտավոր են ապահովել ազգային անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը. «Նոր Հայաստան»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Համացանցում տեղակայվել է տեսահոլովակ, որտեղ որպես Ուկրաինայում բնակվող և ազգությամբ հայ ներկայացող ոմն Ֆիլիպ Վարդանի Էկոզյանց կամ Ֆիլիպ Վարդան Մելիքսեդեկ, հանդես գալով իր և ենթադրյալ համախոհների անունից (խոսում է որպես որոշակի «մենք»-ի ներկայացուցիչ) ակնհայտորեն անուղղակի սպառնալիքներ է ուղղում Հայաստանի Հանրապետության ընդդիմության հասցեին:
Մասնավորապես՝ տեսահոլովակում հանդես եկող վերոհիշյալ անձնավորությունը, չլինելով ՀՀ քաղաքացի և չբնակվելով ՀՀ-ում՝ իրեն դիրքավորում է որպես ՀՀ-ում գործուն ազդեցություն ունեցող ուժի ներկայացուցիչ և անթաքույց ակնարկներ է անում այն մասին, որ ընդդիմության հրապարակային միջոցառումները կարող են հանգեցնել զոհերի ու մեր երկրի կործանման: Նրա այս արարքը նաև վկայում է այն մասին, որ նա սպառնում է միջամտել ՀՀ ներքին գործերին:
Այս ամենը կարող է նաև հիմնավոր կասկածներ առաջացնել, որ տվյալ անձնավորությունը և նրա ներկայացրած ենթադրյալ ուժը կարող են ահաբեկչական գործողություններ կազմակերպել և իրականացնել ՀՀ տարածքում:
Նշված անձնավորությունը հայտնի է 2014 թ. սկսված ուկրաինական իրադարձությունների առնչությամբ իր նմանօրինակ քարոզչական գործունեությամբ ոչ միայն Յութուբում, այլև սոցիալական կայքերում:
Յութուբում և սոցկայքերի նրա էջերում հնարավոր է մեծ ծավալի տեղեկույթ ստանալ նրա գործունեության մասին, ինչը հայաստանյան պատկան մարմիններին վաղուց պետք է առիթ տար զբաղվելու մեր պետության ազգային անվտանգության և հասարակական կարգի համար հավանական վտանգներ պարունակող այդ գործունեության ուսումնասիրությամբ և այդ վտանգների նախականխմամբ ու կանխմամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանց հնարավոր հետևանքների չեզոքացման նպատակով:
Այդ տեղեկույթից ակնհայտ է դառնում նաև, որ նշված անձնավորությունը գործում է որպես որոշակիորեն կազմակերպված և մեր ազգային շահերին հակասող շահեր հետապնդող տեղեկութահոգեբանական պայքարի համակարգի բաղադրիչ:
Մինչդեռ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նեյրոլինգվիստիկ ազդեցության անհեթեթ մեղադրանքով ընդդիմադիրներին քրեական հետապնդման ենթարկող այս մարմինները փաստացիորեն աշխատում են մեր պետականությունը քայքայող նույնաբնույթ գործունեությամբ՝ իրենց ռեսուրսների առյուծի բաժինը տրամադրելով վարչախմբի կառավարման պահպանման նպատակին:
Ավելին՝ վարչախումբը, որպես կանոն՝ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և նույն խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, իրականում ժողովրդի և պետության դեմ պայքարող պատկան մարմինների ղեկավարների, ինչպես նաև իրեն ծառայող զլմ-ների ու այլ տեղեկութային լծակների միջոցով ամեն ինչ անում է ընդդիմության, հատկապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, կերպարի հրեշացման և ընդդիմադիրների նկատմամբ հավանական բռնությունները հիմնավորելու և արդարացնելու նպատակով:
Ընդ որում՝ մեր ազգային շահերի դեմ գործող վերը նշված տեղեկութահոգեբանական պայքարի օտար համակարգի և վարչախմբի ներկայացուցիչների ու ծառաների քարոզչական հնարքները շատ առումներով այնքան նման են իրար, որ ակամա տպավորություն է առաջանում, թե դրանք եթե ոչ նույն համակարգին, ապա առնվազն նույն «դպրոցին» են պատկանում:
Մասնավորապես՝ երկուսն էլ օգտագործում են ստալինյան ժամանակներից մեզ որպես սև ժառանգություն մնացած տեղեկութահոգեբանական պայքարի այնպիսի հնարքներ, ինչպիսիք են լրտեսավախությունը, քաղաքական հակառակորդին որպես թշնամու գործիք ներկայացնելը, ժողովրդի իշխանության և մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ քամահրական վերաբերմունքը, կառավարող վարչախմբի կողմից ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու իրավունքի ճանաչումը և խրախուսումը, այլատյացությունը, արժանապատվության և ազատության նկատմամբ այսպես կոչված կայունության գերակայությունը:
Հատկանշական է, որ հայաստանյան վարչախմբի մոգոնած նոր սահմանադրության ԱՅՈ-ի քարոզչության մեջ նույնպես լայնորեն կիրառվում են այս հնարքները, իսկ կայունության գերակայությունը անգամ ներկայացվում է որպես այդ նոր սահմանադրությունն ընդունելու հայեցակարգին հիմնավորում:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը պատկան մարմիններից պահանջում է կատարել գործող սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման ոլորտի իրենց գործառույթները, մասնավորապես՝ միջոցներ ձեռնարկել սույն հաղորդագրության մեջ նշված անձանց և կազմակերպությունների գործողություններից բխող հավանական վտանգները նախականխելու, կանխելու և դրանց հնարավոր հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ»:
https://www.youtube.com/watch?v=vhYP0noKgqo