Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը զոհվածների աճյունները կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի
կազմակերպած խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Վթարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը:
Խորհրդակցությունից հետո Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը
իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հանրապետության Նախագահին և
վարչապետին:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի
Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների
աճյունները:
Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական
վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:
Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում
գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի
այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել
Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, ՀՀ վարչապետի որոշմամբ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Երեկ՝ վաղ առավոտից, Գագիկ Բեգլարյանը անմիջական կապի մեջ էր ՌԴ
տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, ով հայտնել էր, որ իրավիճակը
գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական
վերահսկողության ներքո:
Երեկ հրավիրվել է հանձնաժողովի երկու նիստ, տրվել են համապատասխան
հանձնարարականներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի
գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում
համակարգելու աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն