ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեն քննարկելու է նաև ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր
Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ընթացքում քննարկվելու են ինչպես բացառապես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին իր բացման խոսքում տեղեկացրեց Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նախ նա նշեց, որ տնտեսական առումով տարածաշրջանի համար մարտահրավեր ներկայացնող ժամանակաշրջանում ԵՄ-ն ցանկանում է աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Նա նաև հիշեցրեց, որ Եվրամիության նախարարների կոմիտեի կողմից նոր մանդատ են ստացել բանակցելու Հայաստանի հետ նոր պայմանագրով ու նոր ձևաչափով: «Մենք այսօր քննարկելու ենք, թե ինչպիսի ֆորմատով ենք զարգացնելու այս հարաբերությունները: Ես կցանկանայի նշել, որ ԵՄ-ն Հայաստանի լավագույն գործընկերներից է և առևտրի, և ներդրումների ոլորտում»,-նշեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունն անդամակցելու ԵՏՄ-ին: Նրա փոխանցմամբ, այսօր քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Թուրքիայի հետ հարաբերությունները ևս: «Միջադեպերը, որ տեղի են ունենում սահմանամերձ տարածքներում, մտահոգում են մեզ, ու մենք ուզում ենք, որ կայունություն լինի, փրկենք կյանքեր»- ամփոփեց Վիգանդը: