«Հարկային մուտքերի նվազումը սպառնալիք չէ բյուջեի համար». Վ.Միրումյան
«Ծրագրային բյուջետավորումն արդեն սկսված է: Մինչև 2018 թ. ամբողջությամբ անցում կկատարվի, բայց գործընթացը վաղուց սկսված է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Մեր դիտարկմանը, որ հաջորդ տարվա բյուջեով եկամուտների մասով բավականին անկում է սպասվում, Վ.Միրումյանը նշեց, որ ինքը վատատեսական գնահատական չի տա. «Կարծում եմ՝ տարին ավարտվի, նոր կամփոփենք ցուցանիշները, պետք չէ շտապել»:
Թե ինչպե՞ս է, որ խոշոր հարկատուների տասնյակն այս տարվա անցած ամիսների համար հարկային մուտքերի նվազում կարձանագրեր, եթե չլիներ Որոտանի հիդրոկայանների համալիրի վաճառքը, Վ.Միրումյանը չհամաձայնեց.
«Այդպես չէ, որ միայն Որոտանի համալիրի վաճառքի արդյունքում են առաջացել հարկերը: Եթե համեմատություն կատարենք, կտեսնենք, որ, օրինակ, ներմուծումների գծով բավականին անկում ունենք: Ինչո՞ւ: Որովհետև հարկունակ ներմուծման ծավալները շուրջ 32% նվազել են: Բնականաբար, եթե ծավալները նվազում են, դրանից եկող հարկերն էլ են նվազում»:
Հարկային մուտքերի նվազումը Վ.Միրումյանը սպառնալիք չի համարում. «Դեռ վաղ է այդ մասին խոսել: Կոնկրետ բյուջեով նախատեսված ծրագրերի առումով որևէ օրակարգային հարց չկա: Կարծում եմ, որ բյուջեով նախատեսված ծրագրերը իրականացվելու են նախատեսված ծավալներով»: