«Իրականում կա դժգոհություն, հասարակությունը դժգոհ է». ՀՀԿ-ական պատգամավոր
Սահմանդրանական բարեփոխումների ամբողջ փաթեթը կբացվի և կներկայցավի հանրաքվեի քարոզարշավի ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ըստ որի՝ այս նոր նախագիծը լիիրավ համապատասխանում է ՀՀ-ի առաջ ծառացած ներքին և արտաքին խնդիրներին:
Նա նկատեց, որ շատ է խոսվում համակարգային փոփոխությունների մասին, ու, ըստ նրա՝ համակարգային փոփոխության ամենաիրատեսական ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են. «Այսօր իշխանությունը ՀՀ նախագահի առաջնորդությամբ առաջարկում է համակարգային փոփոխությունների իր տարբերակը»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական կառավարման ձևն ունի իր յուրահատկությունները, բայց ժողովրդավարությանը մոտ կանգնած լավագույն ձևը խորհրդարանական կառավարման մոդելն է:
Անդրադառնալով ընդդիմախոսների բերած այն փաստարկներին, թե խորհրդարանական համակարգը նպատակահարմար չէ պատերազմող երկրի համար, Ա. Զաքարյանը նշեց, որ կլինի խորհրդարանական, կիսանախագահական, թե նախագահական համակարգ, միևնույն է՝ հայ ժողովրդի դիրքորոշումը ԼՂՀ խնդրի կարգավորման առումով չի փոխվում. «Մեր ժողովուրդն իր առօրյա կյանքում զգում է անվտանգության կարիք ու այդ խնդիրը մնալու է քաղաքական օրակարգում, ու եթե այն քաղաքական օրակարգում է, կարևոր չէ՝ նախագահի, վարչապետի ինստիտուտն է դրանով զբաղվում»:
Խոսելով հասարակության տրամադրությունների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք բավականին մեծ աշխատանք ունեն անելու քարոզչական և տեղեկատվության դաշտում. «Իրականում կա դժգոհություն, հասարակությունը դժգոհ է, բայց դա կապել սահմանադրության հետ ու ասել, որ դժգոհում եմ՝ իշխանությունից կամ ընդդիմությունից, ու ըստ այդմ՝ դեմ եմ կամ կողմ եմ, սխալ դրսևորում է»:
Դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների ընդդմախոսներն ասում են, թե գործող Սահմանադրությունում էլ կան լավ դրույթներ, բայց չեն գործում, Ա. Զաքարյանը համաձայնվեց՝ ասելով. «Ճիշտ են ասում, այլ տարբեր օրենքներում էլ կան շատ դրույթներ բայց չեն գործում, որովհետև համակարգը գործում է այլ սկզբունքով, քանի որ չունենք կայացած կուսակցական համակարգ, որտեղ քաղաքական գաղափարներ կծնվեն: Դա քաղաքական գաղափար չէ, որ ես իշխանության մեջ չեմ, դրա համար ընդդիմություն եմ»: