Ադրբեջանում այսօր «լռության օր է»
Ադրբեջանում այսօր «լռության օր է»՝ պայմանավորված նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով:
Տեղի օրենսդրության համաձայն՝ Միլի մեջլիսի (խորհրդարան) ընտրական տեղամասերի բացվելուց 24 ժամ առաջ առաջ արգելվում է ցանկացած տեսակի քարոզչություն, հայտնում է TASS-ը:
Առավոտյան ժամը 08.00-ից փողոցներից պետք է հեռացվեն թեկնածուների գովազդային ազդագրերը, որևէ մեկի օգտին քվեարկելու կոչով պաստառները: Նշվում է, որ արդեն գիշերվանից սկսել են հեռացնել դրանք հատուկ ստենդներից: «Լռության օրը» արգելվում է թեկնածուների օգտին հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագիր մամուլի միջոցով ցանկացած քարոզչություն: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ այդ կանոնների անտեսումը կդիտվի օրենքի խախտում:
Դիտորդների կարծիքով՝ նախընտրական քարոզարշավն անցել է հանգիստ, չեն գրանցվել առանց աղմկոտ հանրահավաքներ ու բուռն բանավեճեր:
Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերից, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին (15 կուսակցություն ու քաղաքական կուսակցությունների մեկ բլոկ), միայն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն է ստացել անվճար եթերաժամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով:
Ադրբեջանի օրենսդրությամբ՝ նման իրավունք տրվում է միայն այն կուսակցություններին, որոնց թեկնածուները գրանցված են երկրում գործող 125 ընտրատարածքներից ավելի քան 60-ում: «Նոր Ադրբեջանից» գրանցված է 116 թեկնածու այն դեպքում, երբ մյուս քաղաքական կուսակցություններից ընտրություններին մասնակցում է ընդամենը 18-28 թեկնածու:
«Նոր Ադրբեջանը», սակայն, հրաժարվել է անվճար եթերից՝ քաղաքական բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: