Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ գերատեսչությունը Ուկրաինայից պաշտոնական հայտարարություն է ստացել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ունի ուկրաինական անձնագիր, ու ներկայում սկսվում է նրան քաղաքացիությունից զրկելու գործընթացը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Սաակաշվիլիին շնորհել էր Ուկրաինայի քաղաքացիություն:
Օրենքի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ստանալիս ավտոմատ կերպով զրկվում է վրացականից, սակայն դրա համար հարկավոր են իրավական ու տեխնիկական պրոցեդուրաներ:
«Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացի էր համարվում, քանի դեռ մեր գերատեսչությունը չուներ փաստաթուղթ, որը հաստատում է նրա ուկրաինական քաղաքացիությունը: Հոկտեմբերի 23-ին մենք ուկրաինական կողմից ստացել ենք նոտա այն մասին, որ Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն, ու այդ որոշումը մինչ օրս ուժի մեջ է: Դրա հիման վրա, համաձայն վրացական օրենսդրության, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մենք սկսում ենք Միխայիլ Սաակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը»,- հայտարարել է Ցուլուկիանին ճեպազրույցում:
Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից 2013թ. նոյեմբերին երկրի նոր նախագահի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրությունից հետո:
Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել մի քանի քրեական գործի շրջանակում: