«Ընտրախախտումները լինելու են մի քանի տարբերակով». հայտնի են Էրդողանի գաղտնի ցուցումները

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են այդ երկրի՝ ինչպես՝ ներքաղաքական պրոցեսների, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության առումով: Ինչպիսի՞ արդյունքներ կգրանցվեն այդ ընտրություններում: Արդյո՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է ապահովել անհրաժեշտ մեծամասնություն ու հնարավորություն ստանալ՝ կազմելու միակուսակցական կառավարություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մոտավորապես նույն պատկերը կստացվի, ինչ հունիսի 7-ի ընտրություններին. «Թուրքիայում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մոտավորապես 40% ձայն կստանա, Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 27%, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ մոտ 15%, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ մոտավորապես 12-13%» :

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ հունիսի 7-ի ընտրություններից մինչ նոյեմբերի 1-ի ընտրություններն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում բավականին հետաքրքիր զարգացումներ են եղել, որոնք, ըստ նրա, էականորեն տարբերվում են Թուրքիայի նախկին ընտրությունների միջև եղած ժամանակահատվածներից. «Այս երեք ամսվա ընթացքում Էրդողանին հաջողվեց երկիրը քաոսի վերածել, ստեղծել անկայունություն, քրդերի և թուրքերի միջև հարաբերությունները հասցնել թշնամության գագաթնակետին: Էրդողանի հաջորդ «ձեռքբերումն» արտաքին քաղաքականությունն էր, որտեղ նա ամբողջովին խայտառակվեց, չունեցավ որևէ հաջողություն սիրիական հակամարտության մեջ, ավելին՝ Ռուսաստանի մուտքով Սիրիա՝ ամբողջովին հայտնվեց խաղից դուրս վիճակում: Էրդողանը նաև լարվածություն ստեղծեց խորհրդարանական գրեթե բոլոր կուսակցությունների միջև: Այս երեք ամսվա ընթացքում Թուրքիայում տնտեսական բավականին ծանր իրադրություն է ստեղծվել, դոլարն արժեզրկվել է, գործազրկությունը մեծացել, տուրիզմը վատ վիճակում է, և այլն»:

Ըստ այդմ, թուրքագետի կարծիքով՝ նոյեմբերի 1-ի ընտրությունները կտարբերվեն նախորդ մյուս ընտրություններից իրենց անկանխատեսելիությամբ. «Էրդողանը չի կարող նախորդ ընտրությունների արդյունքների կրկնությունը հանդուրժել, և բավականին մեծ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի այդ պատկերը չկրկնվի: Արդեն երեկ հայտնի դարձան այն գաղտնի ցուցումները, թե ինչ պետք է արվի ընտրությունների օրն ընտրախախտումների բարեհաջող իրականացման համար: Արդեն կան այն նահանգների անունները (մոտ 37 նահանգ), որտեղ պետք է իրականացվեն ընտրախախտումներ: Ընտրախախտումները լինելու են մի քանի տարբերակով: Առաջին՝ ընտրական տեղամասերում, հանձնաժողովներում ընդգրկված պաշտոնյաների մեծ մասը գնված է կամ ծածուկ հարում է ԱԶԿ-ին. նրանց անուններն ամբողջովին հրապարակվել է: Նշվում է, որ նույնիսկ հրահանգվել է հարմար պահի հոսանքազրկում անել, որ իրենց սև գործն իրականացնեն: Իսկ շրջանային տեղամասերի վրա դրված է ամենակարևոր՝ ընտրակեղծիք անելու առաքելությունը, դրանք պետք է փոխեն թվերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս