Բաժիններ՝

Մեկնարկեց Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման ծրագիրը

Դիլիջանում այսօր տեղի ունեցավ  քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը եւ հայտարարվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին:

Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Ծրագրի դոնորներն են բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը,  ինչպես նաեւ Մաքսիմ Աթայանցն ու Արմեն Կարապետյանը:

Dilijan4 Dilijan3 Dilijan2 Dilijan1

Հողօրհնության հանդիսավոր արարողությանը ներկա էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի և «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավարներ Էդգար Մանուկյանն ու Արթուր Հակոբյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր եւ դիլիջանցիներ:

Հողի օրհնության արարողությունը կատարվեց  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի  ձեռամբ:

Նոր եկեղեցին կառուցվելու է Աղստեւ գետի աջ ափին, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարող տարածքում: Եկեղեցու նախագծի հեղինակը պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:

«IDeA հիմնադրամը Դիլիջանում զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում,  որոնցից մեկն էլ  քաղաքում եկեղեցու կառուցման  ծրագիրն է:  Ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը հետաքրքիր ճարտարապետական լուծումներով նախագիծ է առաջարկել:  Վստահ ենք, որ եկեղեցին իսկապես հոգեւոր կենտրոն կդառնա քաղաքի բնակիչների համար»,-նշում է IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:

Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ՝ երկու զանգակատունով, վերջիններս տեղադրվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա։ Եկեղեցին տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն  հասարակական օգտագործման տարածքներ՝  կամարակապ սրահի միջով բացվելով դեպի գետափնյա փողոցը:  Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:

Ներկայումս ընթացքում են նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է  2016թ․ ապրիլից: 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս