«Առաջին Հանրապետության դեմ խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն». Աղվան Վարդանյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար: Եթե 1990 թվականից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10 տոկոսն ունենային անկախության սերունդ կերտած անհատների բարոյական արժեքները, նվիրվածությունը և ազնվությունը՝ մենք բոլորվին այլ երկում կապրեինք: Առաջին Հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Հ. Բագրատյանը՝ դիմելով Ա. Մինասյանին, ասել էր. «Փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկություն լինի, որովհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում գոհ ենք, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորը: Որովհետեւ բոլորը ասում են, որ Հայաստանն է, որ պիտի տա մի 4-5 ռայոն, որպեսզի այս ռեգիոնում իբր թե խաղաղություն լինի: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական փոփոխությունների մեջ, պառլամենտական հանրապետություն այդտեղ չկա»: Այնուհետև հավելել էր. «Ձերը 1000 տոկոսով ա սխալ, հանրապետությունից բան չթողեցիք, արա՛: Հենց դո՛ւ չես թողել: Բա 18-20 թիվը ո՞վ էր: Սենց բաներ մի՛ արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, արա՛: Մեջ խի՞ եք ընկնում, իա՛»:

Աղվան Վարդանյանն էլ հակադարձելով Հ. Բագրատյանի այս հայտարարություններին, ասաց. «Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ո՛չ երկրորդը կլիներ, ո՛չ էլ երրորդը, իսկ դուք էլ ոչինչ չէիք կառավարի: Հիմա նրանց մասին, որ իրենց ճշմարտությունը միակ ճշմարտության  կրողն են համարում, կարծում են իրենց ճշմարտության խոսքի վրա այլոցը՝ բշտիկներ են, իսկ իրենք ճիշտն են: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել, որքան հնարավոր է շուտ, հետո սովորաբար ուշ է լինում»:

Տեսանյութեր

Լրահոս