«Ուորլիքն արտացոլեց Ղարաբաղյան հակամարտության կողմերի «աղքատիկ» դիվանագիտությունն ու իրավիճակի փակուղայնությունը». Կայծ Մինասյան
«Ուորլիքը փորձում է ճնշում գործադրել հակամարտության կողմերի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երևանյան մամլո ասուլիսին և հղած ուղերձներին:
Դիտարկելով Ուորլիքի ներկայացրած երեք կարևորագույն հարցերը, որոնք պետք է քննարկվեն եռանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում` Մինասյանն ասաց, որ Ուորլիքի ասուլիսն արտացոլեց ԼՂ հակամարտության գոտում ստեղծված փակուղային իրավիճակը: Ըստ նրա` այն, որ իրավիճակը վաղուց է փակուղում՝ այլևս ապացուցման ենթակա չէ, և Ուորլիքի ասուլիսը պարզապես ևս մեկ անգամ շեշտում է այդ իրողությունը, ընդգծում, որ դիվանագիտությունն «աղքատիկ» և «ողորմելի» վիճակում է:
«Վերջին տարիներին որևէ արդյունք չկա, իսկ Ուորլիքն ու ամերիկյան կողմն ավելին են սպասում դիվանագիտությունից, ինչը ողորմելի վիճակում է: Սա կարելի է դիտարկել յուրօրինակ ճնշում նախագահների նկատմամբ. «Բավական է խոսել, պետք է գործել»:
ՄԽ համանախագահները մի քանի տարի ի վեր կոչ են անում, որ նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի, և, դա, ըստ իս, ավելի ուղղված էր Ադրբեջանի նախագահին, քան Հայաստանի: Որքան ժողովուրդները մասնակցեն դիվանագիտությանը, այնքան լավ կլինի բանակցությունների համար և խաղաղության ձեռքբերման ճանապարհին: Բայց գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի քայլ չեն անում իրենց հասարակության համար և, դժբախտաբար, Հայաստանի ՀՀ ԱԳՆ-ն հաշիվ չի տալիս թե՛ ժողովորդին, թե՛ հայությանը, և դա լավ չէ: Իրավիճակը փակուղային է, որի պատճառով էլ համանախագահը նաև ժողովրդին է ցանկանում ներգրավել, իսկ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ, այլ բաղադրիչներ ևս կան, հատկապես, երբ կա պատերազմի վտանգ, ամենալավ անվտանգությունը պետության համար ժողովրդավարությունն է»,- ասաց Կայծ Մինասյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: