«Մետաքսի» մոտ հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել

Երեկ Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: 168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ կրակոցների արդյունքում 4 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:
Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն:

Կարդացեք նաև

Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:

Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն:

Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս