«Կհաղթի այն ուժը, որն ունի մեծ կազմակերպչական ռեսուրս, իսկ նման ռեսուրս ունի միայն ՀՀԿ-ն». Ադիբեկյան
Հանրության զգալի մասը պատկերացում չունի՝ ինչի՞ մասին է խոսքը, քանի որ քարոզարշավը չի բացատրում նոր սահմանդրության բնույթը, տարբերությունները գործող սահմանադրությունից: Այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ ընդդիմադիրները, որոնք պետք է լինեին Սահմանադրության ներկայացված տարբերակի լրջորեն քննադատողի դերում, քաղաքական կարգախոսներից այն կողմ չեն գնում, իսկ իշխանական թևի համար էլ էական չէ, թե հատկապես ո՞ր Սահմանադրությամբ նրանք կմնան իշխանության: Գործո՞ղ, թե՞ նոր սահմանադրությամբ, կարևորը իրենք մնան իշխանության:
Ըստ Ա. Ադիբեկյանի՝ Հայաստանում գրանցված են մոտ 7 տասնյակ կուսակցություններ, բայց ասպարեզում տեսնում ենք մի քանիսին, և դեռևս չկան լուրջ վերլուծություններ այն մասին, թե ինչո՞ւ են նրանք դեմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ «Իշխանության ցանկացած նախաձեռնության նրանք դեմ են»:
Նրա խոսքով՝ Հայաստանում 900-ից ավել համայնքներից 700-ի ղեկավարները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, իսկ ընտրողների 1/3-ը գտնվում են իրենց ՏԻՄ ղեկավարի ազդեցության տակ: Նախորդ տարվա իրենց հարցումների տվյալներով՝ հանրության 70 տոկոսը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, բայց քանի որ այն ժամանակ Սահմանադրական փոփոխությունները միայն խոսակցությունների մակարդակի էին, ապա այժմ, ըստ սոցիոլոգի, հարցումների արդյունքները շատ տարբեր կլինեն:
Մյուս շաբաթ Ա. Ադիբեկյանը կներկայացնի իրենց կատարած հարցումն այն մասին, թե հանրության որ մասն է գնալու հանրաքվեին մասնակցելու և ինչպե՞ս է քվեարկելու:
«Իշխանականների մի զգալի մասը դեմ կլինեն, քանի որ կկորցնեն իրնեց արտոնությունները, որոնք ունեին այս համակարգի դեպքում: Ընդդիմության մի մասն էլ գտնում է ձեռքբերումներ կլինեն իրենց համար ու կողմ կքվեարկեն, իսկ այն մերժողական ընդդիմությունը, որն ամեն ինչին «ոչ» է ասում՝ քիչ են, բայց կարող է մեծ ալիք բարձրացնեն ու դեմ քվեարկեն»,- նշեց սոցիոլոգը, ըստ որի՝ անհնար կլինի միավորել այդ մերժողական ընդդիմադիր ուժերին:
Նրա գնահատմամբ՝ ընդդիմության այս պառակտումը իշխանական թևին մեծ շանսեր է տալիս հաղթելու համար: Սոցիոլոգը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցնի՝ դրական առումով. «Կհաղթի այն ուժը, որն ունի բավականին մեծ կազմակերպչական ռեսուրս, իսկ նման ռեսուրս ունի միայն ՀՀԿ-ն»: