Կրեմլի գործակալները Հայաստանում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը հերթական անգամ քննարկման առարկա դարձեց խնդիրը, թե որքան անթույլատրելի աստիճանի է հասել Հայաստանի ներքին կյանքում Ռուսաստանի ազդեցությունը: Այն իսկապես անթույլատրելի է, որովհետև տարածվում է ոչ միայն՝ երկրի ռազմավարական օբյեկտների, ենթակառուցվածքների, ֆինանսական ու կենսական այլ համակարգերի, այլ մարդկանց մտածողության, հոգեբանության ու, որպես դրա հետևանք՝ արժեքային համակարգի ու քաղաքական նախընտրության վրա:

Իսկ այդ նախընտրությունը, կարճ ձևակերպմամբ, մեկն է. առանց Ռուսաստանի՝ Հայաստանը կարող է կործանվել, եթե ռուսները մեզ չպաշտպանեն, արտաքին թշնամին կգրավի Երևանը, և այլն, և այդպես շարունակ: Այս կաղապարները, ոչ առանց ուղղորդման, տասնամյակներ շարունակ մխրճվել են Հայաստանի հասարակության ու, որ ավելի վտանգավոր է՝ քաղաքական վերնախավի մտածողության մեջ:

Սակայն, եթե քաղաքացիների դեպքում դա կարող է մոլորություն լինել, ապա քաղաքական ու պետական գործիչների պարագայում կարող է խոսք լինել ոչ թե՝ մոլորության, այլ՝ հանցավոր անգործության կամ նույնքան հանցավոր «գործակցության» մասին:

Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը, ըստ քաղաքական կուլիսներում քննարկվող խոսակցությունների, մամուլի հրապարակումների, կարող է ինչ-որ ձևաչափով համագործակցել «Օրինաց Երկիր», «Ժառանգություն» կուսակցությունների հետ: Թե հատկապես ո՞ր ուժերի հետ կհամագործակցի այդ նորաստեղծ կուսակցությունը, որևէ նշանակություն չունի, քանի որ սկզբունքորեն նա կարող է միավորվել անգամ ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր ցանկացած ուժի հետ: Այն պարզ պատճառով, որ «բխում» է ռուսական շահից: Իսկ Հայաստանում ռուսական շահի սպասարկման համար քաղաքական ուժերն ավելի անզիջում պայքար են մղում, քան հաճախորդները՝ գնված տեխնիկայի հետ իրացումային սպասարկման նպատակով:

Հայաստանի քաղաքական դաշտի ռուսիֆիկացիան ու դրա հետևանքով ստեղծված ուժերի դասավորությունն իրականում փակ շղթա է հիշեցնում: Ինչպես էլ փոխվի այդ դասավորվածությունը, որ կուսակցությունն առաջ կմղվի, որը կդառնա երկրորդական՝ էական չէ, քանի որ բոլորի հիմքում ընկած է նույն «կողմնորոշումը»: Ո՞րն է, ուրեմն, այս իրավիճակից ելքը: Կամ կա՞ արդյոք ելք ընդհանրապես: Սովորական, ստանդարտ եղանակներով այս կենսական, երկիրը հիմքից քայքայող խնդիրը լուծելն անհնար է: Անհրաժեշտ է, ինչպես ասում են, վիրահատական միջամտություն: Իսկ դրա լուծումը գոնե հետխորհրդային մի քանի երկրներ գտել են՝ լյուստրացիա՝ գաղտնազերծում, պետական ու քաղաքական համակարգի մաքրում խորհրդային գործակալական ցանցի մնացուկներից ու դրա ժամանակակից իրավահաջորդներից: Հայաստանում այս հարցը երբեք լրջությամբ նույնիսկ չի քննարկվել: Ճիշտ հակառակը՝ միտումնավոր կամ ոչ, այդ հարցն անլրջացվել է, ի դեպ, նույն այն շրջանակների կողմից, ովքեր մի քանի տարին մեկ հիշում են, որ Հայաստանի փրկությունը լյուստրացիան է:

Խոսքն առաջին հերթին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ պարբերական նախաձեռնությունների մասին է՝ գաղտնազերծման մասին օրենք ընդունելու վերաբերյալ: Փոստանջյանը, իհարկե, բավական երկար ժամանակ է՝ մոռացել է այդ մասին: Կամ նրան հասկացրել են, որ պետք է մոռանալ: Ոչ թե իշխանությունը, այլ սեփական գործող ու նախկին կուսակիցները, գուցե իշխանության հետ միասին:

Գուցե ոչ միայն շարքային կուսակցականներն են Զարուհուն հասկացրել այդ նախաձեռնությունը մոռանալու անհրաժեշտության մասին, այլ անձամբ նրա կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր արևմտյան սափրվածքով գնաց Մոսկվա՝ «Բուդինից հաղթանակ բերելու»: Ի դեպ, նույն Արա Աբրահամյանի միջնորդությամբ ու հովանավորությամբ: Հաղթանակ, Րաֆֆին, իհարկե, չբերեց, սակայն ինչ-որ բան երևի բերել է Արա Աբրահամյանը: Րաֆֆիի, Արթուր Բաղդասարյանի, այլ ուժերի ու գործիչների, այսինքն՝ Հայաստանում գործող միավորների գերակշիռ մեծամասնության համար: Թե ի՞նչ է բերել, պարզ կլինի առաջիկայում: Բայց հաստատ է մի բան, որ ինչ էլ դա լինի, բխելու է առաջին հերթին՝ ռուսական շահերից, որոնց սպասարկելուն էլ լծվելու է հայկական ագենտուրան:

Ովքե՞ր են Կրեմլի գործակալները Հայաստանում: Այս հարցը ոչ միայն հռետորական չէ, այլ շատ առարկայական է ու հասցեական պատասխաններ է պահանջում՝ անուն-ազգանուններով, զբաղեցրած պաշտոններով ու հանրային դիրքով:

Մինչև Հայաստանի հանրությունը չստանա այս հարցերի, կրկնում ենք, անվանական պատասխանները, Հայաստանը շարունակելու է սեղմվել ռուսական «սապոգի» տակ: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է գաղտնազերծում՝ ինքնիշխանությունը վերականգնելու համար: Քանի դեռ Հայաստանի իշխանական ու քաղաքական համակարգը կախված է Ռուսաստանից, երկիրը չի կարող անկախ լինել: Իսկ քանի դեռ համապատասխան կառույցներն անուն առ անուն չեն բացահայտել ու հանրությանը չեն ներկայացրել այդ անունները, հասարակությունը միանգամայն լեգիտիմ իրավունք ունի հետևություններ անելու և Կրեմլի գործակալների անունների սեփական ցանկը կազմելու համար: Նրանք, ովքեր չեն ցանկանում հայտնվել այդ ցանկում, պետք է օգնեն հասարակությանը՝ բացահայտելու ու տարբերելու իսկական գործակալներին:

 

Տեսանյութեր

Լրահոս