«Եթե չանի հանրությունը, կանեն դրսի ուժերը, այդ թվում՝ Ռուսաստանը». Կարախանյան
«ՀՀ հանրությունը պետք է մոբիլիզանա, եթե չի ցանկանում, որ իր դրսի ուժերը միջամտեն»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը` անդրադառնալով «Ո՛չ»-ի շարժմանն ու հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
Նա նախ՝ դրական գնահատեց «Ո՛չ» ճակատի սկսած գործունեությունը Հայաստանում: Սակայն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության հանրությունն ինքը պետք է որոշի` դո՞ւրս գալ պայքարի սահմանադրական փոփոխությունների, իշխանական կեղծիքների դեմ, թե՞ ոչ: «Հասկանում ենք, որ ընտրակեղծիքների մեքենան ջարդված չէ, այսինքն` իներցիոն կերպով գործի է դրվելու ընտրախախտումների մեքենան, բայց եթե քաղաքացիները համախմբվեն, մոբիլիզանան մինչ դեկտեմբերի 6-ը կամ դրանից հետո, նրանց կմիանան դրսի ուժերը ևս, կաջակցեն նրանց ծրագրերին, դրսի ուժերին անհրաժեշտ է մոբիլիզացված քաղաքական, քաղաքացիական դաշտ, բայց դա կլինի Հայաստանի քաղաքացու որոշումը: Եթե այդ ամենը չլինի, մեռնի ողջ դաշտը, ապա երբ ասես՝ դրսից կարող են գալ:
«Դուրս» ասելով՝ նկատի ունեմ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, և այլն, և այլն: ՀՀ քաղաքացիների հարցն է այստեղ էականը, եթե նրանք ցանկանան վերջ տալ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին, նրանք դա կանեն, եթե չկարողանան, ապա Հայաստանի հանրությանն այլևս հաշվի չեն առնի, դրսից դա կանեն Հայաստանի գլխին»,- մեկնաբանեց Սմբատ Կարախանյանը: Վերջինս նշեց, որ նման բացասական սցենարի դեպքում դրսում ապրող հայերը, դրսի ուժերը, որոնք հայամետ են, միևնույն է` իրենց շահերն են առաջ տանելու, այս հարցում չպետք է պատրանքներ ունենալ: «Ամեն դեպքում, այն ուժերը, որոնք չեն ցանկանում Հայաստանի պետության կործանումը՝ քայլեր անելու են, բայց այդ քայլերը գուցե չհամընկնեն ո՛չ ՀՀ քաղաքացիների, ո՛չ ՀՀ պետականության, ո՛չ ծրագրային նպատակների հետ: Սա է վտանգավորը»,- ասաց Կարախանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում: