ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը կներառի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններ. Ռիչարդ Չառնեցկի
«Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունն իրենց հարաբերություններում նոր էջ են բացում»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:
Նա նշեց` կարևորն այն է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը կարողացան հաղթահարել իրենց հարաբերություններում առաջացած ճգնաժամը ԵՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումից հետո` իրենց հարաբերություններում նոր էջ սկսելով: Ըստ նրա` այսօր արդեն դրական հիմքեր կան նոր համաձայնագիրը ձևավորելու ճանապարհին հատկապես, երբ ԵՄ-ն Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցելու մանդատ է տվել: « Իմ կարծիքով` բանակցությունների ընթացքից կհամոզվեք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագա շրջանակը կներառի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները, որոնք սահմանափակվել են ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո, քանի որ ԵՏՄ-ն այլ տնտեսական գոտի է, այլ կանոններով, բայց դա ամենևին չի նշանակում, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն չեն կարող ունենալ առևտրատնտեսական հարաբերություններ հատկապես այն դեպքում, երբ ՀՀ առևտրաշրջանառության ծավալների մեծամասնությունն ուղղված է դեպի ԵՄ տարածք: Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը ԵՏՄ անդամ է և ավելի հակված է դեպի Մոսկվա, իսկ կնքվելիք փաստաթուղթը Հայաստանին կտա աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հավասարակշռությունը պահպանելու հնարավորություն»,- ասաց Չառնեցկին: Վերջինս նաև չի կիսում «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագային առնչվող բացասական գնահատականները:
Ավելին, նրա խոսքով, ծրագրի ապագան խոստումնալից է, քանի որ այսօր ԱլԳ բոլոր երկրներն, այդ թվում Բելառուսը, շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերություններով: Առաջարկում ենք «168 Ժամ»-ի պատրաստած ամբողջական հարցազրույցին ծանոթանալ թերթի վաղվա համարում: