«Այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը». ինչ նամակ է գրել Պերմյակովը ծնողներին

Դեռևս 14 տարեկան հասակից Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, թմրամիջոցներ և ոգելից խմիչքներ է օգտագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ երբ ծանոթացել են ռուսական կողմից հայկական կողմին փոխանցված փաստաթղթերին, այդ թվում՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, միջնորդել են նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն: Լուսինե Սահակյանի խոսքով՝ ռուսական կողմում կատարված փորձաքննությունների եզրակացություններում եղել են տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ չի կարելի ասել, թե Վալերի Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն է, և, որ ունի լուրջ խնդիրներ:

Փաստաբանի խոսքով՝ շատ տարօրինակ կերպով ռուսական կողմի փաստաթղթերում նկարագրված էին փաստեր, որոնք հիմք էին տալիս դա պնդելու, և փաստաթուղթը կարդալիս տպավորություն էր, որ նա ունի որոշակի խնդիրներ.

«Ամբողջ փաստաթղթում նրանք նկարագրում էին այդ իրավիճակները, որոնց ես կանդրադառնամ, սակայն հետո նշում են, որ նա լիովին առողջ անձնավորություն է և ոչ մի խնդիր չունի: Արդեն իսկ դատավարության ընթացքում, երբ ռուսական կողմում դատավարություն էր կատարվում, մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացան՝ Պերմյակովի վարքի հետ կապված, որովհետև շատ տարօրինակ էր, որ ամբողջ օրվա ընթացքում անձն իրեն պահում էր այնպես, կարծես իր դատը չլիներ: Այս փաստաթղթերին ծանոթանալով՝ մենք հասկացանք, թե ինչու: Ես կոմպլեքս կանդրադառնամ այդ փաստաթղթերին, որովհետև, ըստ էության, հայկական կողմն էլ նկարագրել է այն նույն բանը, ինչ նկարագրվել է ռուսական կողմում՝ հղումներ կատարելով համապատասխան փաստաթղթերին:

Կարդացեք նաև

Մասնավորապես, այս եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ: Մինչ դա էլ լուրջ կասկածներ են եղել նրա վարքի հետ կապված, և, երբ նա արդեն իսկ զորակոչվել է բանակ, բանակում գտնվելու ընթացքում իրեն դրսևորել է այնպես, որ շատ տարօրինակ վարք է ունեցել: Մասնավորապես, աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ, ըստ իրեն, նա խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Ինքը, աթոռը վերցնելով, հարվածել է այդ սպային: Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են նրա մոտ դրսևորվել: Ագրեսիա է նրա մոտ նկատվել, շատ դեպքերում՝ նաև շատ տարօրինակ վարք:

Մասնավորապես, նրա համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր նա շատ տխուր էր, անընդհատ լացում էր, և, երբ նրան հարցրել են, թե ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքով Վալերի Պերմյակովը գրագրություններ է ունեցել իր ընկերների հետ և նշել, որ ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40 հազարական կրակոց են արձակում: Լ. Սահակյանի խոսքով՝ կան այսպիսի բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը խնդիրներ ունի: «Այդ ընթացքում հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որպեսզի նա զենքով ծառայություն իրականացնի, և սա փաստաթղթավորված է: Սակայն, ինչպես մենք գիտենք, նույնիսկ այն բանից հետո, երբ հատուկ ցուցում է եղել, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել, այդուհանդերձ, զենքը հայտնվել է նրա ձեռքում, և նա ծառայության եղել է զենքով, ոչ թե այդ զենքը հափշտակել է և նոր լքել ծառայության վայրը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ հայկական կողմի հոգեբանները և հոգեբույժները եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովն ունի խնդիրներ. ըստ եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթանման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով:

«Հոգեբանները և հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը և այն, ինչ կատարվել է իրականում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նշեց, որ, երբ արդեն իսկ հանցագործությունը կատարվել է, և Վալերի Պերմյակովն անազատության մեջ է եղել, նրա մոտ խուզարկությամբ նոթատետր է հայտնաբերվել: Դրանում եղել է նամակ՝ ուղղված իր ծնողներին: «Այնտեղ նա նշում է, որ՝ այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը: Նաև այնտեղ ինքը մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում էր գտնվում հանցագործությունը կատարելիս։ Նա ասում է, որ մեկ վայրկյանում իմ սիրտը 1000 զարկ էր կատարում, և այլն»,- մանրամասնեց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս