Պատգամավորները՝ Հայաստան-Ալբանիա խաղը ծախելու մասին. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի մոլի ֆուտբոլասեր պատգամավորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն եւ այդպիսով «վաճառեր» ֆուտբոլային հանդիպումը: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչի արդյունքում Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրավունք, ինչն աննախադեպ է ալբանական ֆուտբոլի պատմության մեջ: Խաղի հաջորդ օրը սերբական մամուլը տեղեկություն տարածեց «խաղը ծախելու» մասին, երեկ էլ տեղեկություներ հայտնվեցին այն մասին, որ ՈՒԵՖԱ- հետաքննելու է ֆուտբոլային հանդիպման հանգամանքները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով անցյալ տարի անգամ մի քանի ֆուտբոլայի հանդիպումներ էր մեկնաբանում հեռուստաեթերով, ասաց՝ չի հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող էր վաճառել խաղը: «Խաղի վերաբերյալ իհարկե բացասական էմոցիաներ ունեմ, բայց մի րոպե անգամ չեմ կասկածում մեր ազգային հավաքականի տղաների նվիրվածությանը, պարզապես խաղը կարող է մի օր ստացվել, մի օր էլ՝ չստացվել»,- ասաց Արսենյանը:
Նրա համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է հավաքականի խաղից ստեղծել նման «անիմաստ սկանդալ». «Վերջիվերջո դա երկրի հավաքական է, բաներ կան, որոնց մասին պետք է մի քիչ ավելի զուսպ լինել: Ֆուտբոլիստ են, ռոբոտ չեն. հիշեք, թե ինչպես Գերմանիան աշխարհի առաջնությունում 7-0 հաղթեց Բրազիլիային»,- նշեց Արսենյանը:
Արսենյան ասում է՝ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանի, ոչինչ չի հայտնաբերվի եւ այդպես միջադեպը կհարթվի, սակայն լրագրողների աշխատանքի արդյունքում հավաքականի պատվի վրա «սեւ բիծ» կավելանա:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը խոսելով թեմայի մասին՝ խորհուրդ տվեց չխախտել անմեղության կանխավարկածը. «Իհարկե դա սկանդալ է, մամուլը գրում է, բայց եկեք այս պահին ուղղակի մեղքեր չբարդենք մարդկանց վրա, եկեք հարգենք անմեղության կանխավարկածը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ Դավթյանի՝ պետք է հավատալ պոզիտիվ երեւույթների, այլ ոչ թե նեգատիվ տեղեկատվոթյամբ լցնել դաշտը ու որպես նեգատիվ տեղեկատվության օրինակ բերեց Հայաստան-Ալբանիա խաղի շուրջ ստեղծված աղմուկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: