Ադրբեջանն ու Իրանը միավորում են երկաթուղային ճանապարհները. «Նեզավիսիմայա գազետա»

Ադրբեջանն ու Իրանը մինչև 2016 թվականը պլանավորում են ավարտել իրենց երկաթուղային ճանապարհների միացման աշխատանքները: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել օրերս երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ Իրանի հետ սահմանակից Ադրբեջանի Աստարա քաղաքում:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարությունում «Նեզավիսիմայա գազետայի» աղբյուրը, հանդիպմանը հաստատվել է ծրագիրը, համաձայն որի՝ երկաթուղային ճանապարհների միավորման համար ադրբեջանական կողմը պետք է կառուցի 8 կիլոմետրանոց հատված, իսկ իրանականը՝ 2 կիլոմետրանոց:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը նախօրեին լրագրողներին տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է 10 օրում սկսել ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները: Իրանցի դեսպանի խոսքով՝ նախագիծը նախատեսում է նաև Աստարա գետի վրա երկու կամրջի շինարարություն: Կողմերն արդեն տվել են իրենց համաձայնությունը:

«Մեր երկու երկրները, որոնք Ասիայի ու Եվրոպայի դարպասներն են, մտադիր են դառնալ տրանզիտի ու բեռնափոխադրումների կենտրոններ: Բացի այդ՝ իրանական Աստարայում կառուցվելու է մաքսային տերմինալ 4 մլն տոննա բեռ տեղափոխելու կարողությամբ»,- ասել է Փաքայինը:

Երկաթուղային ճանապարհների միավորումից հետո ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը հասցնել մինչև 10 մլն տոննայի՝ ներկայիս 0,6 մլն տոննայի դիմաց:

Միացնելով իրենց երկաթուղիները՝ Իրանն ու Ադրբեջանը փաստացի կյանք կտան «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագծին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Այդ երթուղին կյանքի կոչելու համար, սակայն, հարկավոր է շարունակել Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղը իրանական տարածքում, որի շինարարությունը դեռ չի սկսվել:

Տեսանյութեր

Լրահոս