Բացվեց Կապանի արդիականացված բժշկական կենտրոնը
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում ներկա է գտնվել քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը:
Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ:
Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները և առաջարկվող բժշկական ծառայությունները:
«Այսօր հիշարժան օր է բոլորիս համար, քանի որ արդիականացվելուց և վերանորոգվելուց հետո այսուհետև կապանցին ժամանակակից բուժման համար այևս կարիք չի ունենա մեկնելու մայրաքաղաք»,- բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի տարածքների համաչափ զարգացման ծրագրին համահունչ այսօր իր դռներն է վերաբացում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ արդիականացված, ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով հագեցած մարզային 12-րդ հիվանդանոցը։ Առանձին սարքավորումներ, մասնավորապես՝ հոլտեր մոնիտորը, ուրոլոգիական վիրահատություններ իրականացնելու համար նախատեսված երկպոլյար էնդոսկոպիկ հավաքածուն, արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչը, էրիթրոցիտների նստեցման արագության որոշման ավտոմատ վերլուծիչն առաջինն են մարզի պետական բուժհաստատություններում:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ միայն հասանելիության, այլև որակի և մատչելիության խնդիրներն է պահելու իր ուշադրության կենտրոնում` ապահովելով նաև վերահսկողության մեխանիզմներ:
«Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ նորածնային օգնությունն այս կենտրոնում գերազանցի բժշկական օգնությանը»,- հավելեց Արմեն Մուրադյանը:
«Համաշխարհային բանկը հպարտ է, որ վերջին տասնամյակում կարողացել է օժանդակել ՀՀ կառավարությանը բժշկական կենտրոնների արդիականացման և օպտիմալացման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների կատարելագործման գործում»,- նշեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին` շեշտադրելով, որ Կապանի նորաբաց բժշկական կենտրոնը ոչ թե նվեր է, այլ ներդրում Սյունքի բնակչության համար:
Կապանի բժշկական կենտրոնի երկհարկանի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված է ինֆեկցիոն բաժանմունքը (10 մահճակալ), վարչական մասը և հեմոդիալիզի ծառայությունը: Երկրորդ հարկում` թերապևտիկ բաժանմունքը (20 մահճակալ), արյան բանկը և լաբորատորիան:
Քառահարկ մասնաշենքի նկուղային հարկում տեղակայված են լվացքատունը, հիվանդանոցային խոհանոցը, կենտրոնական ախտահանման և այլ օժանդակ ծառայությունները:
Առաջին հարկում` հիվանդանոցային և մանկաբարձագինեկոլոգիական ընդունարանները, ախտորոշիչ ծառայությունը: Երկրորդ հարկում` մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (20 մահճակալ)՝ երկու անհատական տիպի ծնարանով և կեսարյան հատումների համար նախատեսված մեկ վիրասրահով: Երրորդ հարկն ամբողջովին տրամադրվել է վիրաբուժական բաժանմունքին (25 մահճակալ): Չորրորդ հարկում տեղակայված է վիրահատական բլոկը` երեք վիրասրահով և ինտենսիվ թերապիայի բաժանմունքով:
Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է նաև հեռաբժշկության հնարավորություններով: Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաև օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը:
Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջև կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաև ժամանակակից լաբորատոր և այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով:
Նշենք, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում, որից 350.3 մլն դրամը (շուրջ 788,5 հազ. ԱՄՆ դոլար)` ՀՀ կառավարության միջոցներից: Բժշկական և ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով հագեցնելու և անձնա¬կազ¬մի ուսուցման համար ներդրվել է 281.5 մլն ՀՀ դրամ (587,3 հազ. ԱՄՆ դոլար)։